ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ /Հ.Թումանյան/

1. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։ Հուլիսի 8/1922

2. Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր,
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր։

3. Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթային պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն...

4. Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ,թէ` ո՜վ Շռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ,
Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։

5.Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ` Քեզ են երգում Քո ձենով…
***
6.Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...