Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան Բ Մեծ
Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։

Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս):
Տիգրան Մեծի անունով Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:
Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):
Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:
«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:
Մովսես Խորենացի, պատմիչ
«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ...»:
Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր
«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:
Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...