Վահան Տերյան-օրվա ավարտին⛺️
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար.....

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքըդ հստակ…

«Իմ սիրտը միշտ...» 
Իմ սիրտը միշտ 
Մի անանուն 
Ցավ է տանջում,
Անանց մի վիշտ 
Խորը թաքուն 
Եվ անհնչյուն։
Կա մի մորմոք, 
Մի վիշտ անհուն, 
Որ չի ննջում,
Կա անամոք 
Մի տխրություն 
Ամեն ինչում...

Դավաճան հուշեր 
Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ. 
Հետ կանչեցի քեզ, անդարձ օրերի ցնորոտ երկիր,— 
Ուզեցի, որ դու պայծառ ու մաքուր լույսերով անշեջ 
Եվ խորհուրդներով դյութես վերստին սիրտըս տարագիր։ 
Եվ իմ հոգու մեջ ես խենթ կանչեցի, ճչացի վհատ, 
Երբ տեսա, ինչպես մեռած օրերի խումբը դժնդակ 
Սահեց իմ առաջ, որպես անիծված կյանքի մի հեքիաթ — 
Եվ երազածըս թվաց նենգալի, չար և այլանդակ։ 
Դառը մենության և անհուսության մթին վիհերում 
Ես իմ թույլ սիրտը կամեցա քաղցր հուշով ամոքել, 
Սակայն մթնել էր, դառն էր և դաժան անցյալի հեռուն.
Լուսեղեն հուշեր, դավաճանել եք ինձ դո՛ւք էլ, դո՛ւք էլ։


ԻՄ ԵՐԳԵՐԻՆ 
Մարդոց երկրում անտարբեր, 
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ 
Կընդունե ձեզ գգվանքով, 
Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր...
Այս օրերում ապական, 
Կյանքի անարգ խնջույքում — 
Ո՞վ կըգգվե կուսական 
Ձեր թախիծը իր հոգում։
Ո՞վ վշտաբեկ ու տրտում 
Կարձագանքե ձեր խոսքին,— 
Ձեր նվագը ցավագին 
Ո՞վ կըպահե իր սրտում...
Ո՞ւմ համար եք դուք հնչում, 
Մեղեդիներ սգավոր,— 
Արդյոք ո՞վ կա հեռավոր, 
Որ ձեր ցավով է տանջվում....

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...