Ծնունդդ շնորհավոր, Մե՛ծ Մայրապաշտ ..🎋
Այսօր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է:
Շիրազի բերանից բառը թռչում է, ինչպես թռչունը բնից,-Համո Սահյան:

Հ. Շիրազ-Մի կյանք արժե
Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
- Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
Մի համբույրից`անապատը կծաղկի,-
- Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
- Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

«Բալլադ»
Ասում են, իբրև, խարույկի վրա
Ջահել ըմբոստի մի սիրտ են այրել,

Ասում են, իբրև, մոխիրը նրա
Խարույկից հանել ու մորն են տարել,

Մայրը լացել է այն մոխրի վրա,
Ու երբ արցունքն է ընկել այն մոխրին`
Կենդանացել է զավակը նրա…

Կնոջ սիրտը
Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, -
Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
Համբույրներիդ գինին սրտանց վերցնել:

Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական,
Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ,
Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան
Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ:

ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ
Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
- Ի՞նչ ես արել, իմ բալիկ։
Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
Կապուտկել ես, իջիր ցած,
Բայց ես թափում ձյուները դեռ,
Ձյունի մեջ էլ քրտնած՝
Չէի ուզում իջնել ցած...

Այնինչ մայրս գոռում-լալիս,
Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
Ու դուրս բերեց բարուր-բալիս,
Ասես կտրից ընկա ես.
Ու գոռացի մորս վրա,
Ա՜խ, չորանար թող լեզուս...
- Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,
Փայփայելով իմ որդուն,
- Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-
Մի՛ բարկանա վրաս դուն,
Չէ՞որ դու էլ իմ բալիկն ես,
Նրա համար դուրս բերի,
Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...