ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ և ԱՆԹԱՌԱՄ ԻՍԿԱՆՅԱՆ
*************************************************************
Ա Միսկարյանին
1911,26 ապրիլի,Մոսկվա
Սիրելի Անտենկա
Տարօրինակ զգացում համակեց ինձ ,երբ կարդացի ձեր վերջին նամակը:
Դա անքուն անցկացրած գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից եկած
հայկական թատերախումբն էր,և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց:
Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով ,որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո,պառկեցինք մի քիչ հանգստանալու:
Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու,չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը,շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը... ես անասելի լավ էի զգում ինձ.... Չկարծեք,թե քնած էի.....
Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն,որը,սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար,որ ձեզ չվիրավորեմ:Թեև ինձ թվում է,դուք չպետք է վիրավորվեիք դրանից:
Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս,ինչպես և ես ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք,գոնե երկրորդը,ինչ վերաբերվում է առաջինին,նույնպես հույսս չեմ կորցնում:
Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա:Ե՞րբ կգաք:(Ըստ հնարավորին ստույգ):
Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնան ուզում եմ(ավելի շուտ աշնան կողմ) լույս նծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը,որը, իհարկե, կուղարկեմ ձեզ( որպեսզի այն չկարդաք ,դե գոնե կնայեք):
Դե, առայժմ:
Համբուրում եմ* ձեզ պինդ:
Վահան Տերյան
Այս օրերին գլխիցս դուրս չեք գալիս: Ինչ-որ խելահեղություն է համակել ինձ....
Լավ կանեք ,եթե այս նամակը ոչնչացնեք,բայց անպայմանորեն ոչ ոքի ցույց չտաք: Լա՞վ:
Բարևեցեք Մարթային և ձերոնց:
Անտենկա... (Անթառամ Միսկարյանին):
1908 , 27 դեկտեմբերի
Ես տխուր եմ :Ես միշտ տխուր եմ լինում,երբ գալիս են տոների և համընդհանուր ուրախությունների հանդիսավոր օրերը:Հիմա ես արև եմ ուզում,Անտենկա,ավելի շատ լույս ,երաժշտություն ,գուրգուրանք....
Տխուր եմ ,անսահման տխուր...Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ այս մասին :Ինչո՞ւ եմ վշտացնում Ձեզ իմ այս տխուր խոսքերով ....
«Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում:Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ,շատ եմ վախենում,որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով ՝հիասթափվեք:Չնայած ինձ թվում է,որ ես ավելի ստոր չեմ ուրիշներից :Ավելի հիմար էլ չեմ նրանցից:Սիրելի Անտենկա ,շուտ եկեք:Իսկ եթե չգաք ,ես ,իհարկե, ինքնասպան չեմ լինի և Մոսկվա գետը չեմ նետվի ,բայց շատ կտխրեմ:
Ամուր-ամուր սեղմում եմ ձեր ձեռքը .ցավեցնելու չափ»:
Հ.Գ.Այս նամակից երեք ամիս անց՝ Տերյանը հանդիպում է Սուսաննային ....
Նրանց կապը չընդհատվեց...Տերյանը շատ էր զգում Անթառամի կարիքը...Նրանք շարունակում էին հաղորդակցվել նամակներով...նամակները գնալով դարձան ավելի քնքուշ ու զգացական...
__________________________________________________________
Բոլորս էլ գիտենք , որ Անթառամ Միսկարյանը մեծ ու կարևոր տեղ է զբաղեցրել Տերյանի հոգում:
Ո՞վ էր Անթառամ Միսկարյանը և ինչպես էին ծանոթացել:Անթառամի հայրը՝ Մնացական Միսկարյանը, ծագումով շուշեցի էր և կրթությունը ստացել էր Բաքվի ռեալական ուսումնարանում, ապա աշխատել Վարշավայում:Այնուհետև տեղափոխվելով Ցարիցին՝ դառնում է ոչ մեծ նավթահոր գործարանատեր:Տերյանը նրան համարում էր մարդկայնության տաղանդի տեր, որպես մի մարդ , որն իր մեջ կրում էր հայ ազգի բոլոր լավագույն գծերը, հատկությունները:
Մնացական Միսկարյանի ընտանիքում 5 երեխա կար՝Դավիթը, Անթառամը, Մարթան, որը նույնպես հետագայում դառնում է Տերյանի մտերմուհին, Մարգարիտը և Տիգրանը:
Անթառամը ծնվել է 1891թ.Ցարիցինում:Ավարտելով Ցարիցինի գիմնազիան ՝Անթառամը որոշում է ուսումը շարունակել Խարկովի բժշկական ֆակուլտետի մասնավոր դասընթացներում:Մինչ Խարկով մեկնելը Անթառամը գնում է Մոսկվա՝ եղբոր մոտ , որն այն ժամանակ Մոսկվայի համալսարանի ուսանող էր:Այստեղ էլ Անթառամը ծանոթանում է Տերյանի հետ:Ահա թե ինչ է հետագայում պատմում Անթառամը.
«1908թ աշնանը , երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա,մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա (այժմ Գորկու)փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը:Այն րոպեին , երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը:Չգիտեմ, նա հասցրե՞լ էր մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց . «Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել է»:Կոլյան, թե՝ «Ի՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»:Ես առաջ անցա , իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում:Երբ տրամվայից իջանք , Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում , քանի որ գնում էինք հայկական եկեղեցի:Պարզվեց , որ Վահանն էլ էր գնում եկեղեցի:Օրը կիրակի էր:Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ կար:Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում , ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»:
Հարսնացու տեսնելու ու հավանելու սովորությունը Տերյանի մեջ մնացել էր դեռ հայկական գյուղում անցկացրած օրերից, որտեղ հարսնացու տեսնելու էին գնում միայն ոչ թե եկեղեցի, այլ աղբյուրի մոտ: Սուսաննա Պախալովային՝իր առաջին կնոջը , Տերյանը տեսել ու ծանոթացել էր Մոսկվայի հայկական եկեղեցում:
Սակայն Անթառամի Խարկով մեկնելուց հետո էլ նրանց հարաբերությունները չընդհատվեցին :Տերյանը նամակներում հաճախ իր օգնությունն է առաջարկել Անթառամ Միսկարյանին :
Անթառամը Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանելիս: Մի անգամ բանաստեղծը խնդրում է Անթառամին տողացի թարգմանություն անել նաև Բոդլեռից:«Վահանն ինձ կանչում էր Պետրոգռադ: Եվ ահա հազար ինը հարյույր տասնվեց թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի« Չարի ծաղիկներ»ը գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:
Հազար ինը հարյուր թվականի դեկտեմբերի քսանյոթին, ապրելով Սուպոևո գյուղում Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է»:
Ինչպես հայտնի է ծանր հիվանդ Վահան Տերյանն այդ ժամանակ գտնվում էր Օրենբուրգում: Կինը` Անահիտը, իր օրագրում գրում է.« Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ…»:
Պարզ էր` Տերյանի մեծ բարեկամը, նրա հոգու ընկերը` Անթառամ Միսկարյանը, զգացել էր և բնական է, որ խոհերը Վահանի մասին հանգիստ չէին տալիս նրան… Մոտիկ բարեկամը այլևս չկար
«Եթե Վահանը ողջ լիներ… Նա իմ իսկական բարեկամն էր, որը միշտ ինձ ճիշտ էր հասկանում և հարկ եղած րոպեին կարողանում էր օգնության գալ: Կարդացեք, Նվարդ, նրա նամակները և կհասկանաք, թե քանի անգամ ճիշտ անդրադառնալով իմ տրամադրության անկմանը, որին, ի դեպ, ինքն էլ Էր ենթակա, ինձ հանում էր այդ վիճակից և դրա համար ես միշտ շնորհակալ էի լինում նրան»:
Ահա այսպիսին էր նրանց բարեկամությունը…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...