ՄԱՍԻՍՆԵՐ--Այսքան մոտ ու այդքան հեռու...
Մեծ և Փոքր Մասիսները ինքնաթիռի բարձրությունից
Մասիսների հմայքը զույգ լինելու մեջ է, գաղտնիքը՝ աշխարհում ամենաբարձր հարաբերական (ստորոտից մինչև գագաթը` 4300 մ) բարձրությունը: Այն հայ ժողովրդի սուրբ լեռն է, նրա հարատևության խորհրդանիշը
Մեծ և Փոքր
Մասիսներն Արարատյան դաշտի հարավում երկնասլաց, մեկուսի լեռնազանգված են՝ կոնաձև զույգ գագաթներով: Նրանցից մեծը՝ մայր լեռը, կոչվում է Մասիս, Ավագ Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Մասիսները կոչվում են նաև Արարատ: Ընդհանուր լեռնազանգվածը տեղադրված է մոտ 130 կմ շրջագծով և 1200 կմ2 տարածքով ընդհանուր հիմքի վրա: Սեգ գագաթները, որոնց միջև հեռավորությունը 10 կմ է, իրարից թամբաձև բաժանվում են Անահտական լեռնանցքով (բարձրությունը՝ 2727 մ) և կազմում են ներդաշնակ միասնություն: Իսկ Արարատյան դաշտը և շրջակա լեռնապարերը կազմում են այդ կերտվածքի բնական շրջանակը:
Մասիսն ու Սիսը «քնած» հրաբուխներ են: Մասիսի բարձրությունը 5165 մ է, Սսինը՝ 3925 մ: Մասիսի ժայռոտ գագաթը, որն զբաղեցնում է 12 կմ2 տարածություն, ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում է մոտ 30 սառցադաշտ: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Սիսը գտնվում է Մասիսի հարավ-արևելքում, գագաթնային մասը նույնպես ժայռոտ է ու քարքարոտ, լանջերը զառիթափ են ու մասնատված:
Ձմեռն այստեղ խիստ է, ձնառատ, ստորոտին հունվարի միջին ջերմաստիճանը 6օC է, գագաթին՝ մինչև –25օC, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 26օC և 0օC:
Մասիսների ստորոտին բուսածածկույթը կիսաանապատային է, միջին բարձրություններում՝ լեռնատափաստանային, գագաթնամերձ գոտում՝ լեռնատունդրային: Հնում այն հռչակված էր որպես Հայոց արքունի որսատեղի և անտառածածկ էր:
Մասիսը գտնվում է Հայկական լեռնաշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանում և զերծ չի մնացել բնական աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջին գոյացած խորխորատը, որ հայտնի է Մասյաց վիհ անունով, մոտ 10 կմ երկարությամբ ձգվում է գագաթից մինչև ստորոտ, և մերձգագաթնային մասում ունի ավելի քան 1000 մ խորություն: Մասյաց վիհի առաջացումը պատմահայր Մովսես Խորենացին կապում է 139 թ-ի ահեղ երկրաշարժի հետ: Երկրաշարժերն այստեղ կրկնվել են նաև 1319, 1679, 1840, 1887 թթ-ին:
Իր երկնաքեր բարձրությամբ, գեղաշուք տեսքով, երկրաշարժերով, սառցասահքերով, սարսափազդու դղրդյուններով Մասիսը հնում խորհըրդավոր ազդեցություն է ունեցել շրջակա բնակչության վրա: Այն եղել է հայ ժողովրդի պաշտամունքի լեռը, որի շուրջ հյուսվել են բազմաթիվ զրույցներ ու առասպելներ: Ըստ հնագույն ժողովրդական մի զրույցի՝ Մասյաց վիհում շղթայված է հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որն իր հավատարիմ գամփռների օգնությամբ ջանում է ազատվել կապանքներից և տիրել աշխարհին:
Մասիսի գիտական ուսումնասիրման գործում մեծ է ֆրանսիացի բնախույզ Պիթոն դե Տուրնըֆորի դերը: Բացառիկ բույսեր գտնելու և ուսումնասիրելու նպատակով 1701 թ-ի օգոստոսին նա բարձրացել է մինչև հավերժական ձյան սահմանը, նկարագրել է լեռան ֆիզիկական հատկություններն ու բուսական աշխարհը: Մասիսի գագաթն առաջինը բարձրացել են Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը 1829 թ-ի սեպտեմբերին՝ 2 գյուղացու և 2 ռուս զինվորականների ուղեկցությամբ: Այնուհետև տասնյակ արշավախմբեր են հասել Մասիսի գագաթը, կատարել զանազան ուսումնասիրություններ, որոնց մեջ իր արժանի ավանդն ունի գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հ. Աբիխի արշավախումբը (1845 թ-ի հուլիսի 29). նրա կազմում էին նաև թարգմանիչ Պ. Շարոյանը և 2 այլ հայեր:
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Մեծ Մասիսի գագաթը նվաճել է ՀՀ լեռնագնացների մի խումբ (Ա. Աղաբաբյան, Գ. Տատուրյան, Հ. Տոնոյան, Ա. Մայիլյան): Վերջին տարիներին գնալով ավելանում է Մասիս բարձրացողների թիվը:
Մասիսը եղել և մնում է ներշնչանքի աղբյուր հայ և օտարազգի արվեստագետների, բանաստեղծների, գրողների ու ճանապարհորդների համար: Նրան ձոնվել ու ձոնվում են երգեր, բանաստեղծություններ, գեղանկարչական կտավներ: Նրա անունը գործածվում է Ազատն, Մեծ, Բարձր, Մթամած, Սպիտակափառ, Արեգնաճեմ, Երկնաճեմ և այլ մակդիրներով: Գրիգոր Նարեկացին Մասիսն անվանել է Մեծության կշռորդ: Նրա վեհանիստ գեղեցկությունը պատկերել են Հ. Այվազովսկին, Գ. Բաշինջաղյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադևոսյանը և շատ ուրիշներ:
Աստվածաշնչյան ավանդությամբ՝ Արարատը ներկայանում է որպես Համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ Նահապետի հանգրվանը, նոր մարդկության օրրանը: «Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ» (Ծննդոց 8.4): Այդ պատճառով էլ Մասիսն անվանում են նաև Նոյյան լեռ, Նոյյան տապանի լեռ, Փրկիչ լեռ, Սրբազան լեռ:
XIII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկի վկայությամբ՝ հայերը Մասիսի վրա չեն բարձրացել ոչ թե նրա դժվարամատչելիության պատճառով, այլ լեռան սրբազանությունը չպղծելու համար:
Մասիսի հյուսիսարևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է Սուրբ Հակոբի վանքը, որից ոչ հեռու բխում էր սառնորակ աղբյուր: Հնում այդ աղբյուրը նվիրված էր Անահիտ դիցամորը և կոչվում էր Անահտական: Ժողովուրդն աղբյուրին վերագրում էր բուժիչ հատկություն, նրա ջրով ցողում էին դաշտերը՝ բերքը մորեխներից պաշտպանելու համար: Վանքն ու աղբյուրը, ինչպես նաև հարևան հինավուրց Ակոռի գյուղը կործանվել են 1840 թ-ի երկրաշարժի ժամանակ:
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...