«Պայթող Աղբյուրի հրաշքը հայ ֆիդայիներն էին» /

1930-ական թվականների հազվագյուտ բարեգործական բացիկ, որը բաժանվում էր Մերձավոր Արևելքի հայաշատ բնակավայրերում կազմակերպվող դրամահավաք միջոցառումների ժամանակ՝ հայ մեծ հայդուկապետ Աղբյուր Սերոբի այրի Սոսե Մայրիկի մասնակցությամբ: Գրված է. «Սերոբ Աղբյուրը՝ իր այրին Տիկ. Սօսէ եւ իրենց կորյունները: Հասույթը կհատկացվի Այրի Տիկ. Սօսէ Ս.Աղբյուրի (ի Ալեքսանդրիա)»:
Serob Aghbyur, his wife Sose, and their 2 sons, from a 1930s postcard used in charity events in the Middle East in which Sose Mayrig participated..
20-րդ դարի ռազմի մեր աստվածը` Գարեգին Նժդեհը, ասում էր. «Ուժն է ծնում իրավունք»:
19-րդ դարի վերջին հայ ֆիդայիների գործողություններն այսօր մեզ անիրական են թվում, որովհետև այն ժամանակ անձնական ամեն ինչից հրաժարված մի խումբ խենթեր պատերազմ էին հայտարարել Օսմանյան կայսրությանը, որովհետև օղուզ բորենիները դժոխք էին դարձրել հայ ֆիդայիների հայրենիքը: Ֆիդայիները կամավո՛ր էին հագել դժոխքի կրակե լեզվակներից ու բոցերից կարված հրե շապիկները… Իրականի ու անիրականի սահմաններն այնպես էին խախտվել, որ մեկը կռվում էր 40–50-ի դեմ: Հույսը հրաշքն էր… «Պայթող Աղբյուրի հրաշքը հայ ֆիդայիներն էին»,– գրում է Դաշտենցը: Այդ խենթերի հրաշք փաղանգից էր բիթլիսցի Աղբյուր Սերոբը:
«Հայրենիքի որդու առաքելությունն էր դա,– գրում է Խաչիկ Դաշտենցը:– Եվ ինչպե՞ս կարող է լինել հանգիստ և անձնական ապահով կյանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պետք է հայտնվի անձնական երջանկությունը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փառքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ, ո՞րն է անձնական սերը, երբ սիրո օրորոց հայրենիքը դժոխքի վերակացուն է օրորում… Քարանձավն է նրանց տունը, ամենաշատը՝ գյուղեզրի մարագը կամ գոմը. խոտը կամ ձյունն է նրանց անկողինը, փոթորիկն է նրանց սպիտակեղենը, քարն է նրանց բարձը, սեփական շունչն է նրանց կրակը, զենքի հետ պսակված, ուսապարկերում՝ մի կտոր կորեկհաց կամ մի բուռ փոխինձ. ուսապարկերում՝ իրենց պատանքացուն, հպարտ ճակատները թշնամու նենգ գնդակի դեմ բաց, զօր ու գիշեր լեռներում քայլում են կրակե շապիկ հագած աստվածները… Այդպիսի կյանքով կարող է ապրել միայն նա, ով իր ազատությունը չի զատում հայրենիքի ազատությունից, ով իր փառքը չի բաժանում հայրենիքի փառքից, ով իր երջանկությունը չի բաժանում հայրենիքի երջանկությունից, ով իր սերը չի զատում հայրենիքի սիրուց… Ասպետություն, ազատություն, հերոսություն, փառք և երջանկություն է անանձնական կյանքը: Եվ անսահման է անանձնական կյանքի սահմանը»: մ. ա. Խաչիկ Դաշտենցը տեղեկացնում է նաև, որ Կարմիր իրիցու տան երբեմնի ավետարանում գրված է եղել, թե ավետյաց երկրի լեռներում մի ծաղիկ է աճում՝ երջանկության Բրաբիոն ծաղիկը: Շատերն են որոնել այդ ծաղիկը, բայց ոչ մեկը չի գտել: Բրաբիոն ծաղկի հետևից գնացողներին համարել են խենթեր: Հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է: Հայոց լեռների երջանկության ծաղիկ որոնող «խենթերը» ֆիդայիներն էին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...