ՀՀ 100 Երևելի տիկնայք
Առաջին հանրապետության կին պատգամավորները
Նրանք առաջինն էին՝ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ հայուհիները … 1918 – ին եվրոպական երկրների մեծ մասում կանայք ընտրական իրավունք չունեին: Իսկ Հայաստանում 1919 – ին կայացած ընտրությունների արդյունքում հայոց Առաջին հանրապետության խորհրդարան անցած 80 պատգամավորներից 3-ը կին էին:
Հայաստանի առաջին հանրապետության կին պատգամավորներն էին. Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը և Վարվառա Սահակյանը: Ցավոք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, էլ ավելի քիչ են հայտնի նրանց դժվարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրության ժլատ փաստերը: Չեն պահպանվել նույնիսկ նրանց լուսանկարները: Ու այդ ամենը խիստ անարդարացի է, քանզի նրանք անձնվեր հայրենասեր էին …
Երեքն էլ Հայ Հեղափողական Դաշնակցության անդամ էին: Դեպի քաղաքականություն նրանց գալու սցենարը բնորոշ է հեղափոխական ու հայրենասիրական գաղափարներով տոգորված կանանց, ում համար անձնականը սերտորեն միահյուսված է հասարակականին:
Կատարինե Զալյան-Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր: Ընտրվելով պատգամավոր աշխատում է առողջապահության հանձնաժողովում: Լինելով բժշկուհի՝ նա նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ օր ու գիշեր պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն, և 1917 թվականին Երևանում նրանք ամուսնացան: Այդ ամուսնությունից ծնվում է Արամի միակ ժառանգը` Սեդան: 1919-ին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Մահացել է 1965 թ., իսկ մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան»: Այդպես էլ եղավ:
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը ծնվել է 1886թ., Էդիրնեում (Թուրքիա): Ընդհամենը 16 տարեկան էր, երբ հանդիպել է ապագա ամուսնուն՝ հայ հեղափոխական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանին: Ամուսնու նախաձեռնությամբ ստեղծել է “Հայ կանանց միություն”: Մեկնել է Ժնև` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսել է ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով («Փոթորիկեն վերջ» պատմվածքների ժողովածու): Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել (1915-ին Սարգիսը նահատակվեց): Ամուսնու մահից հետո տեղափոխվում է Թիֆլիս, հետո` Երևան: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` կոորդինացնում է Ամերիկյան խնամատարության կոմիտեի հետ տարվող աշխատանքները: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Հաստատվել է Փարիզում, որտեղ պաշտոնավարել է Նանսենյան գրասենյակում և շարունակել գրական գործունեությունը: Մահացել է 1940թ.:
Վարվառա Սահակյանը խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` դառնում է ՀՀ-ում կրթական ծրագրերի համակարգող: 1920թ. դեկտեմբերին ռուսական բանակի օկուպացումից հետո` ամուսինը այլ ազգային գործիչների հետ բանտարկվում է Երևանում: Իսկ 1921թ. Փետրվարյան հեղափոխության անկումից հետո Վարվառան, ամուսինը և երկու զավակները անցնում են Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվեցին Իրաք: Սակայն կլիման վատ անդրադարձավ Վարվառայի առողջության վրա, և ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան: Բեյրութում Վարվառան նորից ակտիվ ներգրավվեց հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Հայ օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: Մահացել է 1934թ.:
Ըստ Սոնա Զեյթլյանի «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ» գրքի,
Լոս Անջելես, 1992

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...