ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Մոցարտը Կոնստանցիային.
Իմ փոքրիկ, սիրելի կին: Ես մի քանի հանձնարարություն ունեմ քեզ համար: Աղաչում եմ քեզ.
1.Մի' ընկիր մելամաղձության մեջ:
2.Հետեւիր քո առողջությանն ու զգուշացիր գարնան քամիներից:
3.Երբ մենակ ես, մի' գնա զբոսնելու, իսկ ավելի լավ կլինի, եթե առհասարակ չգնաս:
4.Համոզված եւ վստահ եղիր իմ սիրո մեջ` քո նկարն իմ առջեւ դնելուց հետո նոր միայն գրում եմ քեզ ուղղված իմ բոլոր նամակները:
5.Աղաչում եմ, այնպես պահիր քեզ, որպեսզի չոտնահարեն ոչ քո, ոչ էլ իմ բարի անունը: Նաեւ հետեւիր քո արտաքին տեսքին: Մի բարկացիր ինձ վրա նման խնդրանքի համար:
6.Եվ վերջում, ես խնդրում եմ քեզ` գրիր ավելի մանրամասնորեն: Ես շատ եմ ցանկանում իմանալ` արդյո՞ք քեզ այցելել է Հոֆերը իմ մեկնելու հաջորդ օրը: Հաճա՞խ է նա այցելում քեզ, ինչպես որ խոստացել էր ինձ: Արդյո՞ք այցելում են քեզ Լանգեսները, գոնե երբեմն-երբեմն: Ինչպե՞ս է ընթանում դիմանկարի աշխատանքները: Կա՞ առաջխաղացում: Ինչպե՞ս ես ապրում: Այս ամենն ինձ չափազանց հետաքրքիր է: Դու պետք է որ շատ ավելի ուժգին սիրես ինձ այն բանի համար, որ ես հոգում եմ մեր երկուսի պատվի համար:
Վ.Ա.Մոցարտ
Մոցարտ. հանճարը՝ յուրահատուկ ճակատագրով
25 տարեկանում Մոցարտն ուշադրություն է դարձնում Ալոիզայի կրտսեր քրոջը` անգրագետ ու երաժշտությունից հեռու Կոնստանցիային: Հորն ուղղված նամակում Մոցարտը գրել էր, որ Կոնստանցիան գեղեցիկ չէ, սակայն ոսկի սիրտ ունի և հիանալի տան տիկին կլինի: Այս անգամ Ուեբերների մայրն ամեն ինչ անում է, որպեսզի Մոցարտին իրենցով անի: Նա ինքն է լուրեր տարածում, թե Մոցարտն արդեն չափազանց մոտ է Կոնստանցիայի հետ, ապա հայտնում է Մոցարտին, որ իրենց ինտիմ կապի մասին բոլորն են խոսում, և ինքը վստահ է, որ աղջկա պատիվը գետնով է տված: Խորամանկ կինը Մոցարտին ընտրության առջև է կանգնեցնում. կամ Մոցարտն առհավետ լքում է Կոնստանցիային, կամ էլ ամուսնանալու պարտադիր պայմանագիր է կնքում, որը խզելու դեպքում ստիպված էր տարեկան 300 գուլդեն մուծել: Մոցարտը չէր պատրաստվում լքել Կոնստանցիային:
Երբ նրանք ամուսնացան, Մոցարտը 26 տարեկան էր, Կոնստանցիան` 19: Նրանց համատեղ կյանքը տևեց 9 տարի և իսկապես երջանկացրեց նրանց: Նրանք սազում էին իրար: Կոնստանցիան երբեք չէր բողոքում դժվար կյանքից և փողի մշտական բացակայությունից: Ընտանիքում ծնված վեց երեխաներից կենդանի մնաց ընդամենը երկուսը: Մի անգամ նրանց տուն հյուր է գալիս և տեսնում, որ ամուսինները միմյանց գրկած պարում էին: Դա ոչ թե սիրո արտահայտում էին, այլ նրանք դա անում էին, որպեսզի տաքանան: Նրանք պարզապես փող չունեին, որ փայտ գնեն: Մոցարտի մահից հետո Կոնստանցիան սարսափելի հիսթերիկայի մեջ էր: Հետագայում նրա երկրորդ ամուսինն օգնում է նրան գրել Մոցարտի առաջին կենսագրությունը: Լեգենդները հավաստում են, որ Մոցարտը բազմաթիվ արտամուսնական կապեր է ունեցել: Սակայն նա երբեք Դոն Ժուան չի եղել:
Լարված աշխատանքը խլում էր Մոցարտի ողջ ժամանակն ու ուժերը: Եթե նա որևէ տեղ էր գնում, ապա կնոջը սիրառատ նամակներ էր գրում: Այդ նամակներից կարելի է եզրակացնել, որ Մոցարտն ամուսնական հավատարմության իդեալ էր: Բացի այդ` Մոցարտն ինքն է մի անգամ խոստովանել, որ չի ցանկանում պատահական կապեր ունենալ, որովհետև վախենում է վեներական հիվանդություններից:
Վիեննայում է գտնվում Մոցարտի «պաշտոնական» գերեզմանը: Դատարկ: Վիեննական այդ գերեզմանն ընդամենը մի վայր է, որտեղ հավաքվում են Մոցարտի երկրպագուներն ու երաժշտասերները: Մոցարտի մահվան առեղծվածը բացահայտված չէ մինչև օրս: Փաստ է միայն մեկ բան, մահվանից առաջ ուղարկված նամակներից մեկում նա կարծես կանխազգում է իր մահը, սկսում է գրել «Ռեքվիեմ»` նվիրելով այն իրեն, սակայն այդպես էլ չի ավարտում:
Մոցարտը մահացավ իր տանը, միայնակ, 1791թ. դեկտեմբերի 5-ին: Նրա կինը` Կոնստանցիան, ով այդ ժամանակ հեռու էր գնվում Մոցարտից, այդպես էլ չեկավ նրա թաղմանը: Մոցարտի մարմինը, պատանքի մեջ փաթաթված, գերեզմանափորը տարավ քաղաքից դուրս մի գերեզմանատուն և թաղեց: Գերեզմանափորից բացի ոչ ոք չմասնակցեց հանճարեղ երգահանի թաղմանը...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...