ԳԵԼՈՒ ՊԵՏՈ (Պետրոս Սրգեյան)
Հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ, Սասունի Գելիեգուզան գյուղի ռեսը, Սասունի 1894թ. ապստամբության ղեկավարներից։
Ծնվել է 1820-ականներին (ստույգ թվականը հայտնի չէ)։ Պետոն հայտնի ինքնուս վիրաբույժ էր, Գելիեգուզանի միր Սրգեի որդին և նրան հաջորդած հեղինակավոր միր Սադոյի եղբայրը։
Գելիեգուզանի միր Սադոն 1845-1854թթ. իր ազդեցությունն է տարածում նաև Սասունի որոշ գյուղերի վրա։ Կառավարությանը դուր չի գալիս Սադոյի իշխանության ընդարձակումը, ուստի` Խիանց մյուդուր քուրդ Հաջի աղային հանձնարարում է խաբեությամբ ձերբակալել և բանտարկել նրան։ Սադոյի եղբայրներ Պետոն և Վարդանը ոտքի են հանում ամբողջ Սասունը, գնում Հաջի աղայի մոտ, և պատճառաբանելով, որ միր Սադոն հիվանդ է, խնդրում են բանտարկել իրենց, իսկ Սադոյին արձակել կալանքից։ Հաջի աղան փոխարինում է եղբայրներին։ Երեք ամիս անց, Պետոն և Վարդանը խնդրում են բանտապահների հսկողությամբ փոքր-ինչ վայելել բաց երկինքը և դուրս գալով բանտից` շղթաներով խեղդում են հսկիչներին, այնուհետև փախչում Սասուն։
Միր Սադոն վախճանվում է 1870-ականների վերջերին։ Նրան փոխարինում է Պետոն, բայց արդեն ռեսի պաշտոնով։ Պետոն` որպես Սասունի ամենամեծ գյուղի իշխան ուներ շուրջ 750 կռվող և ավելի մեծ հեղինակություն, քան մնացած գյուղերի ռեսերը, ուստի, հասկանալով իր կարգավիճակը, քայլեր էր ձեռնարկում` Սասունի միությունն ու կազմակերպվածությունն ապահովելու համար։ Նա հայ ռեսերի և երևելի մարդկանց մասնակցությամբ մի քանի ժողովներ է հրավիրում` նպատակ ունենալով քննարկել կառավարության և քրդական աշիրեթների հետ համերաշխ ապրելու խնդիրը, բայց հակառակ այդ ջանքերին` 1890-ականների սկզբներին Սասունի բազմաթիվ գյուղերում տեղի են ունենում հայերի և թուրքաքրդական ուժերի միջև զինված բախումներ։ Կառավարությունը ապստամբության վտանգ էր կանխատեսում Սասունցիներից, իսկ Պետոյին` որպես ամենապատկառելի իշխանի միշտ պահում էր աչքի առաջ։ Կառավարության հետապնդումները նրա դեմ ավելի սաստկացան, երբ 1891թ. Սասունի ճակատագրով հետաքրքրվեց հնչակյան կուսակցությունը` ազատագրական գաղափարներ տարածելու նպատակով այնտեղ ուղարկելով Միհրան Տամատյանին։ Վերջինս ջերմ ընդունելության արժանացավ և աջակցություն գտավ Սասունի բոլոր իշխանների, այդ թվում և Պետոյի կողմից։ Կառավարությունը պահանջեց հանձնել Տամատյանին, բայց հայ իշխանները Հրայր Դժոխքի և Պետոյի հրահանգով հերքեցին նրա` Սասունում լինելը։ Կառավարությունը խաբեությամբ փորձեց ձերբակալել Պետոյին՝ Տամատյանին հանձնելու համար և նրա տուն քուրդ Սոֆի Խուրշուդին ուղարկելով` խաբեությամբ հրավիրեց Մուշ։ Շենիկի իշխան Գրգոն, Մուշի իր ընկերներից տեղեկանալով այդ մասին, զգուշացրեց Պետոյին, և վերջինս հրաժարվեց Մուշ գնալուց։ Գրգոն հետդարձի ճանապարհին սպանեց Խուրշուդին։ Կառավարությունը դրա դիմաց ձերբակալեց Սեմալի իշխան Գորգեին և մահապատժի ենթարկեց։ Շուտով կառավարության կողմից հրավիրվեց ժողով, որին կանչվեցին հայ իշխանները, բայց վերջիններիս մեծ մասը, այդ թվում և Պետոն չներկայացան։ Այդ և մի շարք այլ դեպքեր հանգեցրին Սասունի 1894թ. ապստամբությանը, որի ժամանակ Պետոն դարձավ ապստամբության ղեկավարներից:
Իր ողջ կյանքում Պետոն թուրքաքրդական ուժերի դեմ ավելի քան 35 կռվի էր մասնակցել, և որպես փորձառու կռվող, գնահատելով ուժերի անհավասար հարաբերակցությունն` առաջարկեց ընդհանուր ճակատամարտ չտալ, այլ քաշվել լեռներն ու սրընթաց հարձակումներով կորուստներ պատճառել և զինամթերք գրավել։ Առաջարկն ընդունվեց իշխանների կողմից և հուլիսի վերջերին սկսվեցին կռիվները։ Հայերն ապաստանեցին Անդոկ լեռան վրա, ուր համառ մարտերով օրեր շարունակ պահում էին դիրքերը՝ մեծաթիվ զոհեր պատճառելով թշնամուն։ Օգոստոսի 3-ին ծավալվեցին ամենաթեժ կռիվները։ Թշնամին, ամոթահար մեծաքանակ կորուստներից, մի քանի տասնյակ հազար զորքով հարձակվեց հայկական գյուղերի, այդ թվում և Գելիեգուզանի վրա։ Այստեղ 27 հոգու սպանելուց և փամփուշտները սպառելուց հետո ծերունի Պետոն անցավ սրամարտի և 13 տեղից խոցվելով` հերոսաբար ընկավ։
(Գելու Պետոյից ցավոք նկար չի պահպանվել, սակայն էջի ադմինիստրացիայի խնդրանքով նրան պատկերեց նկարիչ Նարեկ Արզումանյանը)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...