ՌԱԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ ----- «Եթե»
Եթե կարող ես անվրդով մնալ, երբ ողջ աշխարհը
Գլուխը կորցրել ու դրա համար քեզ է նախատում,
Եթե կարող ես ինքդ քո հանդեպ պահել հավատդ,
Երբ հարազատդ, ընկերդ, կինդ քեզ չեն հավատում,
Կամ թե կարող ես առանց հոգնելու սպասել ու սպասել,
Կամ էլ խաբվելով` ինքդ չխաբել,
Ատվելով` չատել,
Ու բարեգործի դիմակ չհագնել, իմաստուն տեսքով չշաղակրատել,
Եթե կարող ես երազներ հյուսել ու չստրկանալ դրանց հմայքին,
Եթե կարող ես մտածել, սակայն չդարձնել մտքերն իմաստը կյանքիդ,
Եթե կարող ես սառնասիրտ մնալ թե´ Հաղթանակի, թե´ Փորձանքի մեջ
Ու տարբերություն չդնել բնավ այդ երկու խարդախ ստահակների մեջ.
Եթե կարող ես տեսնել, թե ինչպես քո շիտակ խոսքը,
Խաբեբաները խեղաթյուրում են, որ հիմարներին ծուղակը գցեն,
Կամ թե ինչպես է կրակը լափում ողջ կյանքիդ գործը,
Ու չվհատվել, մոխիրներից քեզ մի նոր երգ հյուսել.
Եթե կարող ես ողջ ունեցվածքդ հավաքել մեկից
Ու բախտախաղի դնել` հույսերդ էլ հետը միասին,
Տանուլ տալ, հետո ամեն ինչ սկսել ամենասկզբից`
Չտրտրջալով, չբղավելով կորստիդ մասին.
Եթե կարող ես սրտիդ, նյարդերիդ ու մկաններիդ
Ծառայել ստիպել, երբ վաղուց մարել, անուժ են դարձել,
Այնքան, մինչև քեզ վերջին ուժերդ լքեն առհավետ`
Բացի Կամքիցդ, որ նրանց ասի.«Էլի´ դիմացեք».
Եթե կարող ես անաչառ մնալ, երբ ժողովուրդներ են քեզ հետևում,
Արքաների հետ սեղան նստելիս` խիղճդ չթողնես դռան ետևում,
Չգոռոզանաս, վերից չնայես ո´չ բարեկամիդ, ո´չ էլ թշնամուդ.
Եթե քեզ հարգեն, քո խոսքին անսան, բայց կուռք չսարքեն, չաստվածացնեն,
Ու թե կարող ես անդարձ սլացող րոպեի վաթսուն վայրկյանը լցնել
Արդար քրտինքիդ վաթսուն կաթիլով` չկորցնելով մի ակնթարթ իսկ,
Քոնը կլինի ամբողջ աշխարհը, նրա վրայի բոլոր գանձերը,
Եվ որ ավելին, շատ ավելին է` դու Մարդ կլինես, սիրելի որդիս:
Комментарии
Отправить комментарий