Ֆիդայական շարժում--Կայծակ Վաղարշակ
Կայծակ Վաղարշակ (իսկական անունը՝ Վաղարշակ Բաղդասարյան, 1875, Մուշ - հունիսի 6 (19), 1904), Հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, խմբապետ, ՀՅԴ անդամ:
Կայծակ Վաղարշակը ծնվել է 1875 թ. Մուշ քաղաքում: 1892 թ. «Ոսկի խաչ» մրցանակով ավարտել է Միացյալ Ներսիսյան վարժարանը: Բայց դպրոցական հաջողությունները նրան քիչ էին գրավում: Ֆիզիկապես լինելով հաղթանդամ, ուժեղ և աշխույժ` Վաղարշակը ավելի շատ սիրում էր զենքն ու որսորդությունը, քան գիրքն ու գիտությունը: Ուստի պատանի հասակից զենքը ձեռքին շրջում էր լեռներում և ձորերում` հաճախ ընդհարվելով հասակակից քրդերի հետ: Այդ թափառումների ժամանակ էլ հանդիպում է հայդուկապետ Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնին, որն էլ նրան ներշնչում է հայության թշնամիների դեմ կռվելու գաղափարը:
Դպրոցն ավարտելուց հետո Վաղարշակն ընկերանում է իր նման երեք երիտասարդների հետ և սկսում գործել Արաբոյի և Լևոնի օրինակով: Շուտով նրա համբավը տարածվում է քրդերի մեջ, իսկ երբ Միհրան Տամատյանը գալիս է Սասուն, Վաղարշակը միանում է նրան: 1894-1896 թթ. աբդուլ-համիդյան կոտորածի օրերին Վաղարշակը զենքը ձեռքին պաշտպանում է հայկական գյուղերը:
Տարոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցների և կոմիտեների հաստատվելուց հետո Կայծակ Վաղարշակը հարում է ՀՅ Դաշնակցությանը և գործակցում Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) ու Գևորգ Չավուշի (Գևորգ Ադամյան-Ղազարյան) հետ: Վաղարշակը լավ հարաբերություններ է պահում նաև Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) հետ և աջակցում նրան: Սերոբի մահից (1899 թ. հոկտեմբեր) հետո ընկերանում է Անդրանիկին և մասնակցում Սասունի և Մշո դաշտի կազմակերպական և մարտական աշխատանքներին:
1901 թ. նոյեմբերին Վաղարշակը մասնակցում է Անդրանիկի ղեկավարած Առաքելոց վանքի կռվին: Այնուհետև մյուս ֆիդայիների հետ հաջողությամբ դուրս է գալիս պաշարված վանքից և հեռանում Սասնո լեռները:
Իբրև Տարոնի ներկայացուցիչ` 1904 թ. Վաղարշակը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 3-րդ ընդհանուր ժողովին, ուր ընդարձակ զեկուցում է ներկայացնում Մուշ-Սասունի վիճակի և գործերի մասին: Այնուհետև անցնելով Կովկաս` Կարսի մարզում կազմավորում է 29 հոգուց բաղկացած «Դժոխք» ձիավոր խումբը:
1904թ. մայիսի 31-ին Դորբանդլու գյուղից խումբը ուղևորվում է դեպի ռուս-թուրքական սահմանը` Դոլբանդլու-Բողար-Ղարաղուռուտ-Իզնոց անտառ գծով հասնելով սբ. Խաչ լեռան ստորոտը: Խմբի անդամները, մեկ շաբաթ անցկացնելով սբ. Խաչ լեռան անդնդախոր ձորում` հունիսի 6-ի (նոր տոմարով` հունիսի 19-ի) գիշերը առանց խոչընդոտների, աննկատ անցնում են սահմանապահների մոտից: Երեկոյան հասնելով Խորում և Զիվին գյուղերի միջև գտնվող բերդին` խումբն այնտեղ էլ գիշերում է: Հունիսի 7-ի (նոր տոմարով՝ հունիսի 20-ի) առավոտյան բերդը պաշարվում է քրդերի կողմից, որոնց կեսօրին միանում են նաև թուրք զինվորներ, որով թուրք-քրդական միացյալ զորքի թիվը անցնում է 4000-ից: Մինչև երեկո խումբն հաջողությամբ հետ է մղում հարձակվող թշնամուն, որին ի վերջո հոջողվում է գրավել բերդի վերնամասն ու խաչաձև կրակի տակ առնել հայդուկներին: Այս ընթացքում զոհվում է խմբի անդամների 1/3-ը, որոնց թվում նաև խմբապետ Վաղարշակը: Խմբի մի մասը` 16 հոգի, Ռուս Գևորգի առաջնորդությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից, սակայն, երբ կրկին փորձում են հատել ռուս-թուրքական սահմանը, ռուսները համազարկերով են դիմավորում հայ մարտիկներին: Ընկնելով երկու կրակի արանքը` Որսորդ Գևորգն ու իր ընկերները բոլորն էլ զոհվում են:
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...