Համո Սահյան
Սիրտ իմ, արի էլ չկռվենք,
Էլ չլինենք մանր ու թեթև.
Մի անգամ լավ բացատրվենք
Ու հաշտ լինենք այնուհետև:
Էլ չլինենք մանր ու թեթև.
Մի անգամ լավ բացատրվենք
Ու հաշտ լինենք այնուհետև:
Արի փռեմ գորգն այս խավոտ,
Քունն իմ աչքիս հեռու վանենք,
Նստեմ քեզ հետ մինչ առավոտ,
Հանցանքներս խոստովանեմ…
Քունն իմ աչքիս հեռու վանենք,
Նստեմ քեզ հետ մինչ առավոտ,
Հանցանքներս խոստովանեմ…
Ճիշտ որ քեֆիդ շատ եմ դիպել,
Շատ եմ հանձնել հոգսի ամպին,
Հողմ է հաճախ քեզ հանդիպել,
Երբ դու հով ես փնտրել ճամբին:
Շատ եմ հանձնել հոգսի ամպին,
Հողմ է հաճախ քեզ հանդիպել,
Երբ դու հով ես փնտրել ճամբին:
Երբեմն ինձնից վարդ ես խնդրել,
Շանթ եմ դրել ափերիդ մեջ,
Բայց դու էլի վիշտդ ցրել
Ու կանչել ես քո ձայնով մեկ:
Շանթ եմ դրել ափերիդ մեջ,
Բայց դու էլի վիշտդ ցրել
Ու կանչել ես քո ձայնով մեկ:
Իմ երգերում վատնել եմ քեզ,
Մատնել եմ քեզ սիրո բոցին…
Ժամապահ եմ դարձրել ես
Քեզ իմ մանկան օրորոցին:
Մատնել եմ քեզ սիրո բոցին…
Ժամապահ եմ դարձրել ես
Քեզ իմ մանկան օրորոցին:
Հուշերի հետ քեզ իբրև գանձ,
Երազի հետ ու կարոտի,
Բաժանել եմ բոլոր մարդկանց
Սիրտ իմ, առանց մնացորդի:
Երազի հետ ու կարոտի,
Բաժանել եմ բոլոր մարդկանց
Սիրտ իմ, առանց մնացորդի:
Վառել եմ քեզ հազար անգամ,
Այրել եմ քեզ մանկուց ի վեր,
Բայց դու էլի քո սեփական
Մոխիրներից ելել ես վեր:
Այրել եմ քեզ մանկուց ի վեր,
Բայց դու էլի քո սեփական
Մոխիրներից ելել ես վեր:
Ելել ես վեր… և վերստին
Բաբախում ես իմ կրծքի տակ
Եվ առաջվա նման անքեն,
Եվ առաջվա նման շիտակ:
Բաբախում ես իմ կրծքի տակ
Եվ առաջվա նման անքեն,
Եվ առաջվա նման շիտակ:
Սիրտ իմ, չե՞ որ այս աշխարհին
Խոսքեր ունենք դեռ ասելու,
Ծովեր ունենք ճանապարհին,
Սերեր ունենք երազելու…
Խոսքեր ունենք դեռ ասելու,
Ծովեր ունենք ճանապարհին,
Սերեր ունենք երազելու…
Ուրեմն արի էլ չկռվենք,
Էլ չտանջենք մենք իրարու,
Մի անգամ լավ բացատրվենք
Ու մանրուքից մնանք հեռու:
Էլ չտանջենք մենք իրարու,
Մի անգամ լավ բացատրվենք
Ու մանրուքից մնանք հեռու:
Комментарии
Отправить комментарий