0

Ե. Չարենց ՏԱՂԱՐԱՆ--Արփիկին
Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին;«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ «Տաղարանն» սկսում է այսպես.
Արփիկին
Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես...
Սայաթ–Նովա
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
* * *
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...
* * *
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
------------------------
1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։
Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
* * *
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։
---------------------------------
1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:
Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
* * *
Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
* * *
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
------------------------------
1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
* * *
Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։
Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
* * *
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
------------------------------
1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
* * *
Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։
Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։
Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։
Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։
Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։
* * *
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։
-----------------------
1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։
* * *
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ... կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։
------------------------------------
1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:
* * *
(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։
* * *
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
----------------------------
1 հերք — գրբ. հոգն. մազեր:
Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...