ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ 
Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից:

Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա:
Ու նորից չկա: Ու նորից գիշեր -
Փողոցի վրա ու հոգուս վրա:

Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից:

Ու լուռ է հոգիս: Ու մենակ եմ ես:
Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
Ու անցնում է նա - անմարմին, անտես, -
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

Ես նստում էի անմարդ բուլվարում`
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթա՛րթ, անթա՛րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ -
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր -
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ...

Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի
Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:
Հաշտվել էի ու լռել էի:
Ու լուռ էր հոգիս` լուռ ու լռանիստ:

Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում -
Դուրսը, դաշտերի մենակության մեջ:
Մեկը դաշտերում տագնապ էր փռում -
Ու մութ սենյակում հսկում էի ես:

Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:
Ճչում էր հոգիս` հիվանդ ու տկար:
Ստվերները լուռ օրորվում էին:
Ու լուռ էի ես: Չկայիր: Չեկար:

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես... Խաղա՛ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ -
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ...

Անցար - լուսավո՛ր, հեռավո՛ր, թեթև՛,
Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս` տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի...
1915
(ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...