Մի պատմութիւն Կոմիտասի կեանքից...150
Կոմիտասի աշակերտուհի եւ երկրպագու Մարգարիտ Բաբայանը պատմում է. տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելիս, մայթեզրին նկատում է մաշված մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. «Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկե` ոչ ունևոր մարդու»: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:
Ժամադրության ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը հայտնվի: Եթե հեռվից երևում է շատ համեստ հագնված մեկը, վարդապետը հույսով է լցվում, բա՜յց… չի հայտնբում քսակի տերը:
Անցնում է կես ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդյոք տեսե՞լ է մի քսակ:
Կոմիտասը անհանգստանում է. արդեն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբայանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց:
Մի ժամ ևս անցնում է սպասողական լարված վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռվից նկատում է, թե ինչպես մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգույն է ու անհանգիստ:
Կոմիտասը հարցնում է անմիջապես.
- Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
- Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:
Արտասուքներ են նկատվում կնոջ կապույտ, տագնապալի աչքերում:
- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գույնի էր ձեր կորցրած դրամապանակը:
- Մոխրագոյն, մաշված քսակ էր:
Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, հաջողություն ցանկանում եւ շտապում Բաբայանների բնակարանը: Հուզված էր. կյանքում առաջին անգամ ժամադրություն չէր հարգել:

Ստեփան Կուրտիկյանի «Կոմիտասյան ղողանջներ» գրքից, 1969թ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...