Համեստ Մեծություններ շարքից
Աստղագետ Վիկտոր Համբարձումյանն ու Մարշալ Հովհաննես Բաղրամյանը 1976 թվականին:
«Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար». Վիկտոր Համբարձումյանի մասին (լուսանկարներ)
«Նրանք մեր հիշողությունն են, նա մեր ընդհանրական հիշողությունն էր: Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում: Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով: Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը:
Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ: Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը:
Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն - նրանց աշխարհի բնակիչների մեր ուղիղ պարտականությունն է»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը տեսական աստղաֆիզիկայի խորհրդային և հայկական դպրոցների հիմնադիրն է: Նա բացատրել է լույսի միջաստղային կլանումը, առաջարկել ինվարիանտության սկզբունքը և դրա հիման վրա ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնագործել է աստղասփյուռները, գալակտիկաների կորիզների ակտիվությունը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...