ՓՈՔՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Համո Սահյանի երգն իր էության մեջ, անգամ բնանկարներում ճանապարհ է բացում դեպի մարդու հոգին և կյանքի տարերքը:
…Նրա աշխարհը յուրահատուկ է, տեղային, «փոքր», բայց ներքնապես կապված է մեծ կյանքին: …Այդ աշխարհը հանկարծ բոցավառվում է, ստանում համամարդկային խորհուրդ, տեղական նյութի մեջ գոյանում է փիլիսոփայական խորունկ հոսանքը՝ աշխատանքի, սիրո, մարդու և հողի մասին:
Ճշմարիտ բանաստեղծների երկերում մշտապես տեղի է ունենում անցյալի և ներկայի գեղեցկությունների, հոգևոր երևույթների յուրօրինակ կենտրոնացում, որին ինչ-որ բան են տալիս անգամ գալիքի զգացողությունները:
Համո Սահյանի երգերը ծնվել են հոգեբանական ու կենսական լիցքերի բուռն կենտրոնացումից ու ներքին այրումից: Եվ այդ երգերը շարունակվում են, հավերժ կերպարանափոխության մեջ ծիլ են տալիս նոր գեղեցկությունները, ծաղկում են երազները, կանաչ-կարմիր հույսերը, ձգվում է Լեռնային Հայաստանի գեղեցկությունների կախարդող մեղեդին…
ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Նազում ես ու շորորում զմրուխտի քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Ա՜խ, ասես խարույկ լինես՝բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Իմ արտույտ-մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով, քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
1944թ.
♦♦♦
Հողոտ, մղեղոտ
Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,
Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը:
Կտուրին բարդու ստվերն էր քնում,
Եվ շեմքի վրա քնում էր շունը:
Կիսարթուն քամին կտուրից թոչում,
Ցանկապատին էր հենում կռնակը:
Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:
Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին օրհնած եզները:
Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:
Ամռան գիշերը գլուխը հակում,
Ծնկները գրկում ու մտածում էր…
Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
Հողի տակ են մեր հոգսերը անհոգ,
Բարդու շրշունր, շունը, գիշերը,
Իսկ հողի վրա խշխշում են լոկ
Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը:
Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,
♦♦♦


Մաշված այն կածանի բարակ թելը մնաց
Քարափների կողին ու ծնկների վրա:
Իմ առաջին սիրո առասպելը մնաց

Առուների կապույտ շրթունքների վրա:

Հիմա երբ որ հոգնած կամ հարբած եմ լինում,—
Ամպի նման նստած բարձունքների վրա,
Առուներ ու կածան, հանկարծ լաց եմ լինում
Իմ այն մաքուր-մաքուր արցունքների վրա:Համո Սահյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...