Երբ մերձենում ես Աստվածային գեղեցիկին🌸🌽
Ծաղկունք ապրող ապարանյան բնաշխարհի գարնան վերջին օրվա այս բազմաբույր ծաղկած փունջը մեր այգուց....դուք ևս վայելեք սիրելիներ:
Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»: Եվ այն ծաղկեց»:
Ռաբինդրանաթ Թագոր
Ամեն անգամ, երբ գալիս է գարունը, մեկը, հիշելով մեծ բանաստեղծին, խնդրում է ծառերին պատմել Աստծո մասին, և դրանք ծաղկում են։ Ուրիշ ինչպե՞ս պատմել Աստծո մասին, եթե ոչ ծաղիկներով, նրբությամբ, փխրունությամբ, ծնունդ տալու ուժով, մշտապես նորանալու ունակությամբ, թարմությամբ, վերածննդով․․․ Իզուր չէ, որ բանաստեղծը հենց ծառերին է դիմում․ ծառերն իմաստուն են։ Միայն նրանք են մինչև վերջ հասկացել կյանքն ու միայն նրանք կարող են սովորեցնել ծաղկել, անշահախնդրորեն բաշխել, միայն նրանք կարող են սովորեցնել բաց թողնել։ Ամեն աշնան հետ նրանք սովորեցնում են բաց թողնելու արվեստը՝ բաց թողնել հինը, չապրողը․․․ Չվախենալ կորստից, չվախենալ անծածկ մնալուց, մշտապես նորի, լավի, ապրողի հույսն ունենալ։ Միայն ծառերը կարող են սովորեցնել ներդաշնակության մեջ լինել հողի ու երկնքի հետ միաժամանակ։ Ծառերը հուշում են՝ գտիր արմատդ, որ ճյուղերդ հասնեն արևին․ այսպես քեզնից սերվածը քաղցր կլինի, պտուղդ կօրհնեն ու չեն անիծի։
Ծառը մարդու ուսուցիչն է, որն ամեն գարնան պատմում է Աստծո մասին՝ ծաղկելով։ Մարդը ևս Աստծո մասին է պատմում, երբ ծաղկած է։ Ուրեմն մարդը ևս կարող է ծաղկել.․․ Աշխարհը լի է մարդկանցով, ովքեր երբևէ չեն ծաղկել, չորացել են, դեռ կարգին չաճած, ապրել են իրենց կյանքի ձմեռը երիտասարդ օրերին և այդպես էլ ուժ չեն գտել նորից ծաղկելու, կանաչելու, աճելու, գարունվելու։ Նրանք չգիտեն՝ ինչու են ապրում, որն է ապրելու իմաստը և ինչ պիտի անեն իրենք այս աշխարհում։ Ամենուր կան նման մարդիկ՝ չորացած հոգով, էությամբ, սրտով՝ անլույս, առանց հույս, առանց սեր։ Ու թե կան չորացած մարդիկ, ուրեմն կան նաև ծաղկածներ․ նրանք, որ լի են սիրով, լույսով, հույսով ու հավատով։ Նրանք, որ գիտեն՝ բոլոր ձմեռներին հաջորդում է գարունը։ Նրանք, որ գիտեն՝ ծաղկելու համար արև է պետք, ջերմություն ու լույս, իսկ դա ունենալու համար վերև է պետք նայել, վերևին հուսալ․․․
Ոչ մի մարդ հենց այնպես չի արարվում․ բոլորս մեր առաքելությամբ ենք գալիս այստեղ։ Եվ ինչպես ծառը՝ ծաղկելով ու կանաչելով իր բարիքն է տալիս աշխարհին, այնպես էլ մարդը, միայն ծաղկած ժամանակ կարող է ինչ-որ բան տալ, իր առաքելությունը կատարել և այսպես զգալ գոյություն ունենալու իմաստը։










Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...