ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ
Դեռ երեկ անթարթ ինձ էիր նայում,-
Այսօր հայացքդ մի կողմ ես հառել.
Երեկ մինչև լույս ինձ էիր փարվում,-
Արտույտներն այսօր ագռավ են դառել.
Դու խելացի ես, ես` հիմար այնքան,
Դու կենդանի ես, ես` նման քարի.
Օ, հավերժական կանացի կական.
— Ասա, սիրելիս, ես քեզ ի՞նչ արի…
Ջուր են արցունքն ու արյունն իր համար,
Նա լվացվում է արյուն-արցունքով.
Ոչ, մայր չէ սերը,- խորթ մայր է, խորթ մայր,
Եվ գութ չեք գտնի դուք նրա ձեռքով:
Սիրելիներին նավերն են տանում,
Ճերմակ ճամփեքը ձորի ու սարի.
Եվ նույն կականն է արար աշխարհում`
— Ասա, սիրելիս, ես քեզ ի՞նչ արի…
Դեռ երեկ էր, որ ծնկներս գրկած
Ինձ Չինմաչինից վեր էիր դասում,
Եվ երբ շոյեցիր ձեռքիս ափը բաց,
Կյանքս` սև գրոշ, գլորվեց փոշում:
Մանկասպանի պես լքված ու անսեր
Կանգնած եմ հիմա ատյանում չարի.
Դժոխքում անգամ ես նույնը կասեմ.
— Ասա, սիրելիս, ես քեզ ի՞նչ արի…
Հարց կտամ մահճին, գորգին, թավիշին.
— Հանունի ինչի՞ է տառապանքն այս սև…
— Համբուրեց, գնաց գիրկը ուրիշի,
Գնաց ուրիշին համբուրի,- կասեն:
Ինձ սովոր արիր բոցի ու հրի
Եվ սառցակալած դաշտը նետեցիր.
Ահա, իմ անգին, դու ինձ ինչ արիր,
Իսկ ես, ես, ասա, քեզ ի՞նչ արեցի…
Ամեն ինչ գիտեմ, իզուր մի վիճիր.
Էլ սիրուհի չեմ, էլ կույր չեմ արդեն.
Այնտեղ, ուր հզոր սերը նահանջի,
Մահ-այգեպանն է ցցվում դեմառդեմ:
Ի՞նչ իմաստ ունի ծառը զուր ցնցել`
Հասած խնձորն է լոկ ընկնում ծառից…
Ներիր, ինչ որ քեզ արել եմ, ասել…
Բայց ասա, ասա` ես քեզ ի՞նչ արի…
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...