Նրանք մասնակցել են մայիսյան հերոսամարտերին. «Վասն հաւատքի եւ վասն հայրենեաց»
Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)
1918թ-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում։
Հերոսամարտի օրերին, երբ թուրքերն արդեն գրավել էին Սարդարապատ գյուղը, վիճակը գնալով օրհասական էր դառնում: Արամ Մանուկյանը մեկնում է Էջմիածին, որպեսզի Հայոց կաթողիկոս Տ. Գևորգ Ե Տփղիսեցի Սուրենյանցին համոզի, որ նա ժամանակավորապես Մայր Աթոռից հեռանա Սեւան:
«Ո´չ, տղե´րքս, Հայոց կաթողիկոսը նահանջողը չէ: Ասացե´ք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն Ս. Իջման վայրում»: Սա էր հայոց կաթողիկոսի պատասխանը:
«…ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից…»
Հերոսամարտի օրերին Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով նախադեպը չունեցող հրաման էր արձակվում. «Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա»: Կազմավորվում է միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ:
Հայոց հովվապետը հրամայում է նաև հնչեցնել եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սևան և ոտքի հանել ժողովրդին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցի կոչը ժողովրդին
-Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մերհավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:
Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից:
Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին:
​Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցն օրհնում է կամավորներին
Աղբյուր. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...