Ծաղկած խրամատներ



 Ծաղկած խրամատներ
 Սկիզբը` մաս 3մաս 2մաս 1 
- Մա՛մ, իսկ պապան ե՞րբ կգա:
– Երբ հաղթի յոթ գլխանի վիշապին, կգա:
– Մա՛մ, ես գիտեմ, թե ինչու է վիշապն ուզում մեզ սպանել: Ասե՞մ:
– Հա:
– Որովհետեւ վիշապ է: Եթե մարդ լիներ, չէր ուզի:
– Հա՛, ճիշտ ես, որովհետեւ վիշապ է…
1994թ. Արցախ
 Սա ազատամարտիկի օրագրի վերջին էջն էդրանից հետո չունի գրառումներ: «Քանի դեռ պատերազմը շարունակում էքայլել մեր կողքովէլի գրառումներ կանեմիմ կռիվը դեռ չի ավարտվել»,- ասում է խորիմաստ ժպիտովիսկ ես հետոիմանում եմոր 2016-ի ապրիլին առաջին կամավորներից էրով առանց երկմտելու գնաց սահման
Բոլոր նրանք, ովքեր տեսել են պատերազմը, անշուշտ պատերազմի մասին իրենց պատմությունն ունեն`սեփական ապրումներով, դեպքերի նկարագրություններով, կորուստներով, կիսատ մնացած մանկությամբ, սպասումներով, պարտությամբ ու հաղթանակի զգացումով լի… Մեզ բոլորիս միավորում է մի բան` մենք պատերազմ չենք ուզում ու երբեք էլ չենք ցանկացել: Բայց սա պարտադրված պատերազմ էր, ու մենք միասնացանք նպատակի գիտակցումով: Մոտալուտ հաղթանակի զգացումն օր օրի մոտենում էր մեզ, ու նրա մասին խոսելիս բերաններս քաղցրանում էր. դա հաղթանակի համն էր, որ զգում էինք, որ ուզում էինք ճաշակել…
Հաղթանակի գալը ամենամեծ ավետիսն էր. այդպես ընդունում, ցնծում են երկար, շատ երկար սպասված առաջնեկի ծնունդով…
Թվաց` ավարտվեց պատերազմը, որովհետեւ շատ էինք ուզում, որ այն ավարտվեր: Սակայն այն թաքնվեց հաղթանակի թիկունքում. չհեռացավ, որ վերադառնա… Բայց մենք գիտենք, որ նոր սերունդը  չի զիջի նախորդին, եւ մեր երկրում խրամատների տեղ կծաղկեն մանուշակները…. 
Խմբագրի կողմից
Հաղթանակի համը
12.04.1994թ.
– Թուրքե՜րը, թուրքե՜րը, –  կողքից  գոռաց մեկը:
Մենք վեր թռանք` նկատելով հեռվում ուրվագծվող ամբոխը: Հետո հեռադիտակով նայողներից մեկը հայտարարեց. «Չկրակե’ք, հայեր են, մերոնք են»:
Իսկապես մերոնք էին, որ եկել էին մեզ միանալու:
Ռմբակոծությունն ուժգնանում էր: Հետեւակի մարտական մեքենաներից մեկը շարքից դուրս եկավ, որի կողքին պայթել էր թշնամու արկը: Ե’ւ մեր, ե’ւ նրանց տանկերն ու հրանոթները աշխատում էին մեծ թափով, անզիջում:
Հնչեց հրաման, որ բոլորը, բացի Մարտունու Արթուրի գումարտակից, պատրաստվեն, որպեսզի շարժվենք դեպի Յուսուփջանլու: Արթուրի գումարտակը պիտի մնար տեղում` կռվի այդ գիծը պաշտպանելու համար: Փոքր-ինչ հեռվում գտնվող ժայռի տակ հավաքվեցինք, իսկ տեխնիկան սկսեց շարժվել նշյալ բնակավայրի ուղղությամբ: Մինչեւ Յուսուփջանլու դեռ մի քանի կիլոմետր կար: Ծարավի դեմ նորից օգնության հասավ մեկ հատիկ  «փրկիչ» ծամոնը: Այն նորից անցավ բերնեբերան, բայց արդեն զգում էինք, որ ծամոնն իսկապես ծամոն է, ուրիշ ոչինչ… Թուրքերի` մի քանի դատարկ դիրքերի մոտով անցանք: Փախել էին վախկոտները:  Տղերքից ոմանք սկսեցին թուրքերեն զրուցել`ձեւացնելով, թե թուրք են: Մի լավ ծիծաղեցինք: Մի քանիսն էլ հայհոյեցին թուրքերին:
– Տո փսլքոտնե’ր,տղամարդ չե՞ք, կանգնեիք տեղներդ, խի՞ եք փախել, ես ձեր մերը …
Հեռվից նկատեցի մեր համագյուղացիներին, որոնք մեկ այլ ուղղությամբ էին այստեղ հասել ու արդեն դիրքավորվել էին հակառակորդի խրամատներում`սպասելով մեզ: Իրար տեսնելուն պես`գրկախառնվեցինք, կատակեցինք մի քանի րոպե:
– Կատակելու ժամանակ դեռ շատ ենք ունենալու, տղե՛րք,  վե՛ր կացեք, շարժվենք առաջ, – ասաց գիշեցի Ռուդիկը:
Պատերազմը մեզ օգնել էր ճանաչելու, բացահայտելու Ռուդիկին: Նա զարմանալի համարձակություն ու ֆիզիկական ուժ ուներ, նրա ձայնի մեջ մի անբացատրելի բան կար, որով կարողանում էր մեզ մարտական ոգի ներշնչել:
Վեր կացանք, վազեցինք առաջ`վաշտի տղաների մոտ: Վաշտի բոլոր տղաները հավաքվել էին հրամանատարի տեղակալ Գոռի շուրջը: Գոռը մեզ տարավ դեպի այն տեղանքը, որտեղից պետք է սկսվեր հարձակումը:
Լսվեց թշնամու ավտոմատների ձայնը. որոշել էին դիմադրել:
Տեղավորվեցինք թթենիների տակ: Հասկացա, որ հոգնած եմ. երկար ճանապարհ էինք անցել: Զգացի, որ քունս տանում է, բայց դա երազանք էր լոկ:  Տեսանք, որ հերթով, առանձին շարքերով, իրենց հրամանատարների հետ ամեն կողմից մեզ են միանում տարբեր գումարտակների մեր տղաները: Ահա Մյուրիշենի տղերքը` իրենց հրամանատար Վլադիկի հետ: Վլադիկը նայեց ինձ ու Դավիթին, ժպտաց.  «Այս բարձունքն էլ  գրավեցինք, կեցցենք», – ասաց կատակով, քանզի շրջապատում միայն հարթ տարածություն էր: Մենք էլ, ի պատասխան, ժպտացինք: Դեռ ժպիտները դեմքներիս չէր սառել, երբ իրար հետեւից երկու պայթյուն լսվեց: Արկերից մեկն ընկավ մոտակա գետակի մեջ,  քարերն ու ջուրը դուրս ցայտեցին, թափվեցին ուղիղ գլխներիս: Ես հասկացա, որ ինձ հետ հանկարծակի մի բան կատարվեց: Սկզբից ինձ թվաց, թե գլխից վիրավոր եմ, բայց հենց նույն վայրկյանին ուժեղ տաքություն զգացի աջ ոտքիս վերեւի մասում: Արդեն հասկացա: Արյունը տեսնելուն պես՝ մտքովս հազար բան անցավ: Ամենաառաջին բանը, որ հասցրի պատկերացնել, ինձ տեսա մեկ ոտքով, մյուսը չկար: Հետո եկավ երկրորդ սարսափելի միտքը՝ ոչ միայն ոտքս եմ կորցրել, այլեւ տղամարդ լինելու գոյությունս… «Ինձ երեխաներ չեն լինի, իսկ ես ուզում էի անպայման որդի ունենալ»,- անցավ մտքովս… Արյան կարմիրը շատանում էր, իսկ ես միայն տաքություն էի զգում: Դավիթը, որ կողքիս էր նստած, վեր թռավ տեղից, գրկեց գլուխս. «Ամեն ինչ լավ կլինի»,-ասաց հուզված: Կողքից օգնության հասավ Մհերը: Նրանք սկսեցին միասին բարձր գոռալ. «Վիրավոր կա, ռեզին բերե’ք ոտքը կապելու համար, ռեզի՜ն…»: Մի պահ կարծեցի՝ միակ վիրավորը ես եմ, ուրիշ ոչ մեկին բան չի եղել: Տղերքն ավելի բարձր էին գոռում, ռեզին պահանջում: Այդ ընթացքում ինձ թվաց, թե մեր տղերքից շատերը խուճապահար ետ են վազում՝ թողած դիրքերը:
– Ինչու՞ են նահանջում, ինչու՞, – հարցրի գոռալով:
– Սո՛ւս, ա՛յ տղա, սո՛ւս կաց՝ տեսնենք ինչ ենք անում,- ասաց տղերքից մեկը, իսկ մյուսն արդեն գտնված ռեզինով ջանում էր փաթաթել ոտքս:
Դավիթն ու Մհերը փորձեցին ինձ հանել կրակակետից ու դեպի հետ տանել: Նրանք փորձեցին ինձ գրկել, ես համառեցի. «Ոչի՛նչ, քարշ տալով տարեք, տղե՛րք, քաշե՛ք»: Մի քանի մետր քաշելուց հետո տեսա, որ մեր համագյուղացի Վանյան նստել է մի թփի տակ ու գլուխն առել է ձեռքերի մեջ: Հասկացա, նա էլ է վիրավոր, այն էլ՝ գլխից…
– Հը՞, Վանյա՛, – հարցրին տղերքը:
– Հա՛,- ասաց Վանյան, բայց դեռ ոչինչ չեմ զգում:
Հակառակորդի արկերն ու փամփուշտները սուլում էին կարծես ամեն կողմից, բայց տղերքն ինձ ապահով տեղ էին ձգտում տանել: Վիրավոր Վանյան, իր մասին մոռանալով, օգնում էր, որ ինձ  քաշեն: Ինձ տարան դեպի մեծ, երկար փոսը, որտեղ  տեսա սարսափելի մի տեսարան. չորս կողմում արյուն էր, զոհվածներն ու վիրավորներն իրարից չէին ջոկվում, բերում, հա՛ բերում էին նորերին: Կամաց-կամաց կարծես թե կորցնում էի գիտակցությունս, բայց լսում էի տղերքի՝ Մասիսի, Արթուրի, Վալերիկի, Արտիկի ձայները, իսկ մեր Արտոն անընդհատ անունս էր տալիս, արտասվում էր, նորից ու նորից էր հարցնում, թե ինչպես եմ: Շտապ օգնության մեքենաները կանգնած էին մեզանից 100-120 մ հեռու, բոլոր զոհվածներին ու վիրավորներին պետք է այնտեղ տեղափոխեին…
Արկերը շարունակում էին թափվել… Մեզ սկսեցին հերթով տանել դեպի շտապօգնության մեքենաները: Տղերքին խնդրեցի, որ ինձ թողեն. ախր մեկնումեկը կարող էր իմ պատճառով վիրավորվել: «Քի՛չ խոսիր»,- սաստեցին ընկերներս:
Շտապօգնության մեքենաներում համարյա տեղ չկար, վիրավորներն ու զոհվածները կողք կողքի էին: Ես զգացի, որ տասնյակ զոհեր ու վիրավորներ ունենք… Բժիշկը սրսկում արեց, համեմատաբար լավ զգացի: Տեսա, թե ինչպես գումարտակի հրամանատար Արկադյան բղավեց մի զինվորի վրա՝ նրան դուրս քաշելով շտապօգնության մեքենայից: Վերջինս, պատճառաբանելով, թե ընկերը վիրավոր է, ուզում էր լքել կռվի դաշտը: Արկադյան կրակեց դեպի օդ ու պահանջեց, որ ամեն ոք մնա իր դիրքում: Երբ Արկադյան հեռացավ, իմացա, որ իմ վիրավորվելու պահին նույն արկի պայթյունից Արկադյայի եղբայրն էր զոհվել: Նրան ասել էին, որ եղբայրը զոհվել է, բայց Արկադյան չէր ընկճվել, հրամայել էր, որ եղբոր դիակը թիկունք տանեն, իսկ ինքը շարունակել էր մարտը:
Հետո լսեցի, որ նաեւ զոհվել են Մյուրիշենի հրամանատար Վլադիկը /հիշեցի նրա ժպիտը, սիրտս կուչ եկավ/, գիշեցի Ռուդիկը, Համոն եւ ուրիշներ… Տասնյակ զոհեր ու վիրավորներ կային…
Օրեր հետո պիտի իմանայի, որ ինձ տեղափոխելուց հետո ծանր վիրավորվել ու Մարտունու հոսպիտալում մահացել էր նաեւ հրամանատար Արկադյան…
Մարտունու հոսպիտալում պառկած էի: Պարզվեց, որ իմ անուն-ազգանունը շփոթմունքով զոհվածների ցուցակում էին գրել, հարազատներս սկզբում իմացել էին, թե զոհվել եմ: Հետո լուր են ստացել, որ հոսպիտալում եմ: Բոլորը հուզված էին: Իսկ ես չգիտեի՝ դա լա՞վ է, որ չեմ զոհվել, թե՞ վատ: Մեղավո՞ր եմ, թե՞ չէ, որ կենդանի եմ մնացել…
Ի՞նչ ընթացք ստացավ մարտը, էլի՞ զոհեր եղան: Ոտքիս ցավից առավել  միտքս էր ցավում:
– Շա՞տ են զոհերը,-հարցս ուղղեցի չգիտեմ թե ում՝ առանց գլուխս բարձրացնելու:
– Յուսուփջանլուն ազատագրված է, – պատասխանեց սպիտակ խալաթով մեկը:
Սիրտս լայնացավ. սկսեցի հաշվել սրտիս արագացող զարկերը: Բերանիս մեջ հաճելի համ զգացի՝ չիմանալով, թե ինչու: Միայն հետո հասկացա՝ արդեն զգում էի հաղթանակի համը… Հաղթանակը գալիս էր, մոտ էր… Նա գալիս էր ցավի ու կորուստների ճանապարհով, գալիս էր համբուրելու բոլոր ընկածների շիրիմները, խոնարհվելու նրանց մայրերի, այրիների, զավակների առաջ, գալիս էր բարևելու բոլոր վիրավորներին, ամուր սեղմելու նրանց ձեռքը… Ես այդպես էի պատկերացնում հաղթանակի գալը… Նա սարերի հետեւում չէր, ու այդ մտքից քաղցրացած բերանով ես ջուր խնդրեցի: Խմում, խմո’ւմ ու չէի հագենում…
– Ընկերներդ այստեղ են,-ասաց բուժքույրը: Նրա ժպիտում հավատ կար. երևի նա էլ էր արդեն հավատում հաղթանակի գալուն: Երևի բոլորն էին արդեն հավատում…
– Հիմա կասեմ, որ ներս գան:
– Քանի՞ հոգի են, – հարցրի:
– Չորս:
Տղերքը ներս մտան: Նրանք ողջ էին, նրանք նույնն էին:
– Հը՛, չե՞ս ուզում երգել Լիզբոնի 5 տղաների երգը:
Ես ժպտացի, հուզմունքը խեղդում էր:
– Հիշե՛ք հայորդիք անունը նրանց,
Լիզբոն գնացին մահին ընդառաջ…
Երգի  բառերն իմ փոխարեն քթի տակ փսփսաց Դավիթը…
Հետգրություն
Երբ 2017թ. ապրիլի 12-ին ծնվեց երկրորդ որդիս, ես հասկացա, որ իզուր չէի հենց այդ օրը վիրավորվել: Երևի նախախնամության կամքն էր դա, որպեսզի ավելի լավ գնահատեմ ու մարդավարի ապրեմ ինձ պարգեւած կյանքը: Ես նաեւ մի բան հասկացա` որդիներս նոր պատերազմ ունեն. այս պատերազմը դեռ չի լռի այնքան, քանի սահմանին զինվոր է զոհվում… Ես հասկացա` դեռ շատ որդիներ պետք է ծնենք ու փայփայենք, այդպես է պատերազմող երկրի չգրված օրենքը …
Հիմա մի մեծ երազանք ունեմ՝ տեսնել հաստատուն խաղաղությունը եւ հոտնկայս խմել իրական հաղթանակի կենացը …
Օրագիրը խմբագրեց Հերմինե Ավագյանը

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...