🔴 Մոռացված անուններ

Մկրտիչ Թադևոսի Մուսինյանց (հունվարի 14, 1868, Երևան, Ռուսական կայսրություն - 1929​), Երևանի քաղաքագլուխ, քաղաքական, հասարակական գործիչ, բարերար, Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալ:
Ցավոք, Մուսինյանցի անունը, նրա կյանքն ու գործունեությունը այնքան էլ հայտնի չէ երևանցիներին, չկա մի փողոց նրա անունով կամ հուշատախակ, որը կհիշեցնի մեզ այդ մեծ երևանցու, բարերարի, քաղաքական, հասարակական գործչի և վաստակաշատ գինեգործի, Հայաստանում հողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման նվիրյալի մասին: Ժամանակն է ուղղելու այդ բացը:
Մկրտիչ Թադևոսի Մուսինյանցը ծնվել է 1868 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, հին Երևանի պատվարժան ընտանիքներից մեկում: Եղել է ընտանիքի երկրորդ երեխան, 6 տարեկանում կորցրել է հորը: Սովորել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից թեմական հոգևոր դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև բարերար Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում, սովորել ֆրանսերեն: Մոսկվայում գտնվող եղբոր աջակցությամբ մեկնել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաք, սովորել գինեգործություն և շերամապահություն, վերադարձել է Երևան, ուսումնասիրել Արարատյան դաշտավայրում գինեգործության հեռանկարները, կազմել Երևանում գինեգործության դպրոց ստեղծելու նախագիծ, դիմել պետական մարմիններին աջակցության համար, սակայն մերժում է ստացել:
1892 թվականի հոկտեմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Ներսես Թաիրյանի հրավերով Մուսինյանցն աշխատանքի է անցել գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ, 1894-ին նշանակվել է գործարանի կառավարիչ: Այդ տարիներին է Մուսինյանցն իր կողմից կազմված հատուկ տեխնոլոգիայով ստեղծում երևանյան հանրահայտ կոնյակների անկրկնելի բուրմունքը: 1899-ին, երբ Ներսես Թաիրյանը վաճառում է իր գործարանը մոսկովյան «Ն. Շուստով և որդիներ» ֆիրմային, Մուսինյանցը շարունակում է պաշտոնավարել, նրա նախաձեռնությամբ ընդլայնվում են գործարանի արտադրությունները և բերվում ֆրանսիական սարքավորումներ:
Մուսինյանցը գործարանը կառավարեց 21 տարի՝ միաժամանակ զբաղվելով ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով ապրանքագիտություն, հողագործություն, հաշվապահություն, օրենսդրություն, քաղաքագիտություն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մուսինյանցը կոնյակի արտադրության մեջ կարողացել է պահպանել օգտագործվող սպիրտի բոլոր պաշարները, որոնք Հայաստանի Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ բերեցին:
Մկրտիչ Մուսինյանցը եղել է Երևանի քաղաքային դումայի անդամ, Հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի անդամ, Գաղթականական եղբայրության օգնության հիմնադրամի փոխնախագահ, Երևանի նահանգի պարենավորման կոմիտեի նախագահ և Երևանի թեմական դպրոցների հոգաբարձու: 1919 թվականի հունվարին նա ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և այդ պաշտոնը հաջողությամբ զբաղեցրել մինչև 1920 թվականի նոյեմբերը: Հայաստանի Հանրապետության բոլշևիկյան անեքսիայից հետո մինչ իր մահը 1929-ին՝ Մուսինյանցը աշխատեց Երևանի գինու և կոնյակի գործարանում:
Մ.Մուսինյան - Երևանի կոնյակի գործարանի գլխավոր գինեգործ, 1912M. Musinyan - the chief winemaker of the Yerevan cognac factory, 1912
1912 М.Мусинян, главный винодел ереванского коньячного завода
Հին Երեւան,Старый Ереван,Old YerevanPhoto

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...