«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» հուշահամալիր

«Վերածնունդ» հուշահամալիր(Ապարան) Կառուցվել է 1979,մայիսի 28 Շինարար Ճարտարապետ`Ռաֆայել Իսրայելյան Հուշահամալիրը կառուցվել է ի հիշատակ Մեծ եղեռնի,Ապարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների…
Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թ-ի մայիսի 22-29:
Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։ Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երևանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել նրա ողորմածությանը։ Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանինախագահությամբ։ Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։
Հերոսամարտի պատմական նշանակությունը
Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։
Հերոսամարտի հուշարձանը
Ապարանցի և հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 1974-1979 թթ., բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թ. մայիսի 28-ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի և ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։ Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թ. ընտրվել է հուշարձանի արևելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է գերեզման-հուշահամալիր։ 2000 թ. մայիսի 28—ին «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաև ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) և Արսեն Տեր-Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։ Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված և Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։ Ապարանի հերոսամարտի փառահեղ հաղթանակի առթիվ 2005 թ. մայիսի 28-ին “Նիգ-Ապարան (կազմակերպություն)” հայրենակցական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվեց, հիրավի, աննախադեպ միջոցառում՝ “Միասնության շուրջպարը”։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...