ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

Կարդացի վրաց թերթերի երկյուղը, թե Դրոն, նշանակվելով հայ զորքերի հրամանատար, կարող է նորից մի կռիվ առաջ բերել Վրաստանի հետ։
Էս երկյուղը սոսկալի ծանր եկավ ինձ։ Խնդիրը Դրոն չի բնավ։ Մինչեւ էդ հոդվածների տպվելն ու կարդացվելը Դրոն իսկի հրամանատար էլ չլինի թերեւս։ Խնդիրը էդ կռվի կասկածն է, որ կա եւ կռվի հնարավորությունը։

Եվ էդ հոդվածների տպավորության տակ երկար մտածում էի պետությունների եւ ժողովուրդների հարեւանության մասին։ Ասում եմ՝ կառավարությունների եւ ժողովուրդների, որովհետեւ դրանք ջոկ-ջոկ բաներ են իմ կարծիքով։

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։ Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, եւ շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ արժանի լինի իր ժողովրդին եւ լինի իր ժողովրդի հետ։ Օրինակ, էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինի, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը, կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։ (Ես սրանով եմ բացատրում էն մշտական գժտությունը, որ միշտ եղած է իմ եւ առհասարակ կառավարիչների միջեւ)։

Ասում եմ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետեւ շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ: Սրանք իրար հակառակ բաներ են: Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը` հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը` թեթև: Ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը` դյուրագրգիռ, վտանգավոր ու չար: Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը` թալան: Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը` կռվարար: Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել:
Եւ, իհարկե, միշտ հարեւանի հետ։
Կռիվը՝ հարեւանի հետ, բարեկամությունը՝ հեռուների։
Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է․- Մոտիկ հարեւանը լավ է, քան հեռու բարեկամը։

1921 թ.
Տես՝ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր, հատոր երկրորդ, 1985 թ, էջ 458

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...