1350-1385 թվականներին Հայկական լեռնաշխարհում գործող քրդական պետական միավորները հիմնականում ներկայացված էր, ըստ էության, երկու ուժերով՝ Հերում և նրա շրջակայքում հաստատված կիսաքոչվոր եզդիական տարրով ի դեմս Շամբոյանների եզդիական էմիրության, ինչպես նաև դեռևս Սալահ-էդ-Դինի (1174-1193) կողմից հիմնադրված Շամսադդինյանների էմիրությունով, որը գտնվում էր ավելի հարավ-արևմուտք:
Շամսադդինյանները, Էյուբյանների անկումից հետո մեծապես զիջած լինելով դիրքերը, այժմ, երբ տարածաշրջանում, ինչպես արդեն ասվեց, հերթական անգամ վերացել էր կենտրոնացված և հզոր ուժը, աստիճանաբար կրկին ոտքի էին կանգնում ու ձգտում էին վերատիրել իրենց հին դիրքերին: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Շամսադդինյաների էմիրության էմիրն էր Ռոժակի ցեղին պատկանող Միր-Շեյխը (մոտ 1360-1370):
Ինչ-որ տեղ XIV դարի առաջին կեսին եզդիական Բոհթան ցեղին պատկանող և Վասպուրականում բավականին ազդեցիկ դիրքեր ունեցող ոմն Մելիք-Եզդի ամուսնացավ Արծրունիներից սերող Սեֆեդինյանների տոհմին պատկանող մի կնոջ հետ, որով էլ հենց Վասպուրականի տարածքում հայ-եզդիական յուրօրինակ մի միասնություն հաստատվեց: Այս առումով հետաքրքիր է նշել, որ, եթե իսլամ դավանող քրդերը և մասնավորապես Ռոժակիները բավականին անհանդուրժող էին տրամադրված հայերի նկատմամբ, ապա եզդիները հետ հայերի հարաբերությունները անհամեմատ ավելի դրական էին: Քրդերն, ինչպես ասվեց, ավանդականորեն խնդիրներ ունեին և միմյանց, և տարածաշրջանային կենտրոնական իշխանությունների հետ, սակայն քրդերի ու եզդիների պարագայում իրավիճակը բարդանում էր նաև լրացուցիչ կրոնական անհանդուրժողականությամբ։ Իրոք, եթե մահմեդականները և մասնավորապես քրդերը ինչ-որ տեղ գոնե պատրաստ էին համակերպվել իսլամի տիպի աբրահամական կրոն հանդիսացող քրիստոնեության ու քրիստոնյաների գոյության հետ, ապա դասական հեթանոս համարվող եզդիների նկատմամբ վերաբերմունք ավելի անհանդուրժող էր, ընդ որում նաև՝ նրանց ազգակից նույն քրդերի կողմից: Արդյունքում, ինչպես և կարելի էր սպասել, եզդիներն ու նրանց առաջնորդները ձգտում էին դաշնակցել տեղի հայերի հետ և մեծապես հենց նրանց էին դիտարկում որպես սեփական ուժի աղբյուր։ Իրենց հերթին հայերն էլ, հանդիպելով ավելի մեղմ մի վերաբերմունքի և ձգտելով որպես առաջնորդ ունենալ իրենց ավելի լավ վերաբերվող տարրին, առիթի դեպքում աջակցում էին եզդիներին ու նրանց էմիրությանը:
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Բոհթանի ցեղի կողմից հիմնադրված, Շամբոյանների կիսաքոչվոր եզդիական էմիրության ղեկին էր կանգնած Մելիք-Եզդիի որդի, եռանդուն և ունակություններից ամենևին էլ ոչ զուրկ Եզդանշիրը (մոտ 1370-1416), որին հաջողվել էր ավելի զարգացնել հորից ստացած ժառանգությունը՝ ավելի խորացնելով դրական համագործակցությունն նաև հայերի հետ: Այս առումով թերևս ամենևին էլ պատահական չէ, որ հայկական ժամանակակիցները և մասնավորապես դեպքերին ժամանակակից ու ականատես, խիստ տեղեկացված Թովմա Մեծոփեցին բավականին դրական են արտահայտվում Եզդանշիրի հասցեին և նրան նույնիսկ համարում է սերված Արծրունյանց տոհմից: Իրավիճակը վերջնականապես հստակեցնելու համար ավելացնենք, որ այս ամենի արդյունքում զգալիորեն սրվել էին Շամբոյանների էմիրությունում իշխող Բոհթանի հարաբերությունները նրանց ավանդական հակառակորդ հանդիսացող Շամսադդինյանների էմիրության Ռոժակիների հետ:
Комментарии
Отправить комментарий