Գանձասարի վանք (Արցախ)

Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից,  քանի որ ընդերքում կան արծաթի և այլ թանկարժեք մետաղների հանքեր։
Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Գրաբար տառադարձությամբ Աղուան։
Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը:

Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության հանրագիտարան: Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, պարիսպները 13- րդ դարի են, ներսում նաև բնակելի խցերը, սեղանատունը (1689 թ .) և դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ.) կան: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնել է Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլան՝ 1216-1238 թվականներին, այն եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը: Եկեղեցու գավիթում Ջալալյանների տոհմական տապանատունն է: Սուրբ Հովհաննես Մկրտիչն այն եզակի եկեղեցիներից է, որի գմբեթի վրա պատկերված է Հայր Աստծո քանդակը: Եկեղեցին բազմաթիվ այլ արժեքավոր քանդակներով է զարդարված: Եկեղեցին կոչվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը: Ըստ ավանդության, Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են նշանավոր տեղում: Ճգնավորներին երևում է Հովհաննես Մկրտչի տեսիլքը, մատով ցույց է տալիս իր գլխի տեղը: Ճգնավորները փորում-հանում են այն: Մեկ այլ ավանդության համաձայն, սրբի գլուխն անցնում է մի աղքատ մարդու ձեռքը: Աղքատը սրբի գլուխը տանում է իր տուն, որտեղ բազմաթիվ հիվանդների է բժշկում: Հասան Ջալալ Դոլան եղբոր հետ գնում է Երուսաղեմ ուխտագնացության և ճանապարհին հանդիպում է կաթոլիկ հոգևորականների, որոնք արկղերով մասունքներ էին տանում Հռոմի պապին: Գիշերը, երբ պատրաստվում են քնել, երկու հրեշտակ են իջնում, մատնանշում են մասունքներով արկղն ու Հասան Ջալալ Դոլային ասում են. «Վերցրու այս մասունքներն ու տար քո երկիր, դրանց հիմքով քո երկրի փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցիր և անունը դիր Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ սա Հովհաննես Մկրտչի գլուխն է»: Նրանք վերցնում են մասունքներն ու գալիս: Եղբայները վիճում են, թե ով պետք է վերցնի մասունքը, քանի որ այն շատ զորավոր է լինում, դրան կպնող հիվանդները բժշկվում են, չբերները՝ հղիանում: Գալիս են համաձայնության և մեծ եղբայրը՝ Հասան Ջալալ Դոլա իշխանը, վերցնում է Հովհաննես Մկրտչի գլուխը, ավելացնում է նաև Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարներն ու սկսում է կառուցել եկեղեցին: Այն օծում են 700 հոգևորականներ: Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։ 1260 թվականին ձերբակալված Մեծն Ջալալին ստիպում են ուրանալ հավատը և տանում են Իրան: Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, ինչի պատճառով 1261 թվականին դահիճներն անդամատում են նրան: Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում: Մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերն ու պահում ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում վանքի գավթում։ Գանձասարի վանքը մեծ դեր է ունեցել նաև ազատագրական պայքարում: 17-18- րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին: 18- րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները: Իսրայել Օրին Եսայի Հասան Ջալալյան Կաթողիկոսի հետ եկեղեցու գավթում Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ին գրում է հայտնի նամակը, որում ցանկություն է հայտնվում Ռուսաստանին միանալու: Այդ ժամանակ Արցախը գործող 300 եկեղեցի է ունեցել: 1828 թվականին կաթողիկոսություն արդեն գոյություն չի ունեցել: Հետագայում թեմի է վերածվում, որը գործում է մինչև 1933 թվականը: Վազգեն վեհափառի բարձր կարգադրությամբ միայն 1989- ին վերաբացվում է Արցախի թեմն ու առաջին եկեղեցին, որ վերաօծվում է, Գանձասարի վանքն է լինում: 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993– 1998 թվականներին: Հիմա ասում են՝ Աստծո աջն էր հեռացնում արկերն ու ռումբերը, դրանք պայթեցնում են միայն հին միաբանական շենքը: Հետագայում՝ շենքը մաքրելիս խաչքարեր են ի հայտ եկել, վարդապետը դրանք զմռսել է պատերի մեջ, որպեսզի փրկի պարսից տիրակալիների ասպատակություններից: Ադրբեջանցիները պատերազմի ժամանակ ջանք չեն խնայել եկեղեցին վերացնելու համար, սակայն չի հաջողվել: 1992 թ. ամռան ամիսներից Շահումյանի և Մարտակերտի շրջանները ռմբակոծվում են, Գանձասարի վրա տեղացող կրակոցները հետ չեն մղում հայ պաշտպաններին: Պատմում են, որ Սուրբ Պատարագի ժամանակ ռմբակոծությունն այնքան է ուժեղացել, որ աղոթքի ձայնը չի լսվել, սակայն արարողությունները չեն դադարեցրել: Եկեղեցու պարսպի մեջ չպայթած արկ կա: Ադրբեջանական ուղղաթիռները մի քանի արկ են բաց թողել վանքի ուղղությամբ, սարսափելի կրակոցները հենց այս հատվածում են եղել, բայց եկեղեցուն չեն կպել: Եկեղեցու պարսպի պատերի մեջ մի քանի արկ է մտել, որոնք չեն պայթել, իսկ պարսպի մեջ երևում է միայն մեկը: Մեկ այլ ավանդապատումի համաձայն, երբ ադրբեջանական զորքը ռմբակոծում է վանքը, եկեղեցու սպասավորը չի լքում այն, ծնկած աղոթում է, այդ պահին սուրբ սեղանի երկու կողմերում հրեշտակներ են հայտնվում, որոնք ասում են, որ վանքը պաշտպանվում է և կարող են չվախենալ: Մինչ օրս նրանց հետքը պահպանվում է Սուրբ սեղանի երկու կողմերում:

Գանձասարի վանք - Խաչեն գետի ափին բարձր բլրի վրա է գտնվում Գանձասարի ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին ու գավիթը, որոնք կառուցվել են 1216-1238թթ Ջալալյան իշխանների կողմից: Պատմական փաստերը հուշում են, որ Գանձասարի պատմությունն ավելի հին է քան Հովհաննես Մկրտչի եկեղեցու կառուցումը: Վանական համալիրի կառույցների վրա փորագրված են շուրջ երկու հարյուր գրություններ, որոնց մեծ մասը հանդիսանում են միջնադարյան արվեստի նմուշներ:

Հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում: XIII դարի առաջին կեսը, ըստ ամենայնի, եղել է Խաչենի անկախ իշխանության վերելքի շրջանը: Հենց այդ ժամանակ էլ Արցախում ստեղծվել են հայկական գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդ մտած արվեստի երևելի գործեր:

Գանձասարի վանքը հիմնականում բաղկացած է եկեղեցուց և գավթից, որոնք այնպիսի մի ամբողջություն են կազմում, որ ասես առանձին շինություններ չեն և կառուցվել են միաժամանակ: Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի, դարպասներով պարիսպների հետ միասին Գանձասարը հայ ճարտարապետության լավագույն համալիրներից մեկն է: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով:

Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով են պատմում վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Հրաշակերտ Գանձասարը կարճ ժամանակահատվածում դառնում է երկրամասի մշակութային կյանքի կարևոր ու խոշոր օջախ, կաթողիկոսանիստ: XVII դարի վերջից Գանձասարը դառնում է նաև երկրամասի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 1701 թվականին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով Ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար:

1923 թվականից՝ Արցախ աշխարհն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին:

Գանձասարի ճարտարապետական համալիրը՝ շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Իր անկրկնելի գեղեցկությամբ Գանձասարը, իրավամբ, Արցախում հայտնի է որպես ազգային ճարտարապետության գլուխգործոց: Նրա նշանակությունն ավելի է ընդգծվում շրջապատի հարյուրավոր այլ հուշարձանների շնորհիվ, որոնք ասես ժամապահների պես օղակել և պահում-պահպանում են Խաչենի «մարգարիտը»: Գանձասարի վանքը կերտողների ստեղծագործությունները լիիրավ կերպով կարող են համարվել XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան:

Հայկական ճարտարապետության պատմության լավագույն գիտակ Ա. Լ. Յակոբսոնի կարծիքով Գանձասարի վանքը ոչ միայն «ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»: Սորբոնի համալսարանի նշանավոր բյուզանդագետ պրոֆեսոր Շառլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարել է Գանձասարը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...