Հավուց Թառի վանք... Կոտայք, Հայաստան

Հավուց թառի վանքի հմայքը կայանում է նրանում, որ այստեղ գալը բավականին բարդ է, ինչն այն դարձնում է առանձնահատուկ խորհրդավոր և հետաքրքիր՝ նորը բացահայտել սիրողների համար: Վանքը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնական հատվածում: Դեպի վանք տանող ճանապարհը գտնելու համար պարզապես հետևեք խաչքարերի դասավորությանը: Վանքը գտնվում է բարձր բլրի վրա, որտեղից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի լեռներ և Գառնու տաճար: Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Ամենափրկիչը, խիստ վնասվել է 1679թ երկրաշարժի ժամանակ: Արդյունքում տաճարից պահպանվել է միայն զոհասեղանը, պատը, ինչպես նաև մուտքի մոտի կամարը: Վանքի կիսավեր վիճակը չի խանգարում, որ մարդիկ պարբերաբար գան այստեղ, մոմ վառեն, աղոթեն:
Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։
Հավուց թառի վանքը Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թվականին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։
13-րդ դարից՝ հատկապես Եղիա առաջնորդի օրոք, Հավուց թառը դառնում է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Եսայու ստեղծած դպրոցն ուներ երաժշտական ուղղություն, ուր և իր ղեկավարությամբ գործել է երգչախումբ։ Կրթության կենտրոն լինելուց բացի Հավուց թառը եղել է խոշոր գրչության կենտրոն։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը 1214 թվականի է։ Այդ ձեռագրերի ստեղծողներն են Գրիգորը՝ 1297, Ստեփանոսը՝ 1458 թվականին]։
Կաթողիկե եկեղեցի
Հավուց Թառ վանքի Կաթողիկե եկեղեցին
Մխիթար Այրիվանեցու վկայությամբ, Գեղվո Գևորգ իշխանը կառուցում է Հավուց Թառը՝ 1001-1011 թվականների ժամանակամիջոցում:
Կաթողիկեն գմբեթավոր եկեղեցի է, որի հատակագիծը արտաքուստ քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի է, իսկ ներսից՝ շնորհիվ անկյուններում տեղադրված խորանների, դարձել է խաչաձև՝ ուղղանկյուն խաչթևերով: Արևելյան խաչթևում մշակված է կիսակլոր աբսիդը՝ ցածր, քիչ դուրս շեշտված բեմով, ուր բարձրանում են ձախ կողմում եղած եռաստիճան քարե սանդուղքով: Աբսիդի կողերի պատերում կան մեկական սլաքաձև գագաթ ունեցող խորշեր, որոնք եզերված ենբուսական և երկրաչափական ձևերի քանդակներ ունեցող շերտով:
Խաչաթևերի միացման անկյուններից ձգվող կիսասյուները միացած են եղել կամարներով, որոնք իրենց վրա են կրել գմբեթը: Վերջինիս առաստաղները պատած են եռանկյունաձև բուսական միահյուսվածք զարդաքանդակներով: Բոլոր խորանների ծածկը թաղակապ է, արևելյան կողմից ունեն փոքրիկ աբսիդներ: Արևելյան կողմի խորանների մուտքերը բացվում են դեպի արևմուտք՝ եկեղեցու մեջ, իսկ արևմտյան կողմի խորանների մուտքերը՝ եկեղեցու արևմտյան խարթևի մեջ՝ իրար դիմաց:
Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր խակատակալ մեծ քարով և գեղեցկազարդ պարակալով. վերջինիս կողերից գլանաձև զույգ կիսասյուներից է, որոնք ունեն խարիսխներ ու խոյակներ՝ զարդարված երկրաչափական միահյուսված քանդակներով և միանում են մուտքի ճակատակալ քարը եզերող կամարներով: Պարակալի մյուս շերտը պատած է ծաղկեհյուս զարդաքանդակներով, իսկ սրանց միացնող կամարը, որը նույնպես եզերում է մուտքի ճակատակալ քարը, պատած է պտուտակաձև, շղթայանման զարդաքանդակներով:
Եկեղեցու յուրաքանչյուր ճակատից բացվում է մեկական երկար ու նեղ լուսամուտ: մեկական նման շատ փոքր լուսամուտներ էլ բացվում են արևելյան կողմի խորանների արևելյան պատերից, մեկ հատ՝ հարավ-արևմտյան խորանի հարավային պատից և մեկ հատ էլ՝ հյուսիս-արևմտյան խորանի հյուսիսային պատից: Ճակատներում բացված լուսամուտներն ունեն շրջանակներ, որոնք պատած են բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով և գծավոր պսակներով. իսկ խորանի մեջ բացվող լուսամուտները՝ միայն պսակներով: Բեմի առաջամասը պատած է բուսական ու շղթայաձև զարդաքանդակներով:
Արևելյան պատի մեջ, արտաքուստ կան երկու եռանկյունաձև խոր խորշեր, որոնց կամարաձև գագաթները զարդարված են բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով:
Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է սև ու կարմիր տուֆի սրբատաշ քարերով՝ շախմատաձև դասավորությամբ: Սալահատակված է եղել. տանիքը պատած է եղել սալաքարերով: Ավերակ վիճակում է, քանդված են տանիքը գմբեթի հետ միասին, պատերի վերի մասերը, սալահատակը, թափված են երեսապատ քարերի որոշ մասը, կանգուն մնացած պատերի մեջ առաջացել են ճեղքեր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...