Պ. Սևակն Աստվածաշնչի մասին
Նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել… Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը…
Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար հագուստ չդարձավ, այլ մեջքապնդող գոտի: Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ, որ պիտի գլուխգործոցներ տար համաշխարհայի քաղաքակրթությանը՝ Զվարթնոցի տեսքով ու Նարեկացու հոգով. Շիրակացու անզեն և Համբարձումյանի զինավառ աչքերով. Կոմիտասի ականջով, որ պիտի փոխանցվեր Խաչատրյանին. Թորոս Ռոսլինի մատներով, որ պիտի ժառանգեր Մարտիրոս Սարյանը: Սայաթ-Նովայի բարբառով, որ պիտի լեզու դառնար Չարենցի բերանում. Անիով, որ պիտի վերածվեր Երևանի:
Այդ նա էր, որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը, որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ, մինչև Ալիշան ու Նալբանդյան, մինչև Աբեղյան ու Աճառյան, Օրբելիներ ու Ալիխանյաններ…
Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը՝ ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն-տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն, որովհետև հին եբրայեցոց «Սուրբ գիրքը» իսկապես մի Ամենամատյան էր գիտության և արվեստի բազում բնագավառների…
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Комментарии
Отправить комментарий