ԴՐԱԽՏՆ ՈՒ ԴԺՈԽՔԸ


Մի անգամ ռաբբին Աստծու հետ զրուցում էր Դրախտի և Դժոխքի մասին:
— Ես քեզ ցույց կտամ Դժոխքը,— ասաց Աստված և ռաբիին տարավ մի սենյակ: Սենյակը լիքն էր հյուծված և հուսահատված մարդկանցով: Մարդիկ նստած էին մեծ, կլոր սեղանի շուրջը, իսկ սեղանի կենտրոնում ծխարձակող հսկայական կաթսա էր դրված: Կաթսայում այնքան շատ խաշած միս կար, որ լիուլի կբավականացներ բոլորին: Միսն այնպիսի հիասքանչ բուրմունք էր արձակում, որ ռաբբիի բերանը լցվեց թքով: Չնայած դրան՝ ոչ ոք մսին ձեռք չէր տալիս: Սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրը ձեռքին չափազանց երկար պոչով մի գդալ ուներ: Գդալի պոչը բավականաչափ երկար էր կաթսայից լիքը գդալ միս հանելու համար, բայց այն նաև չափազանց երկար էր միսը բերանը հասցնելու համար: Ռաբբին հասկացավ, որ այդ մարդկանց տառապանքներն իրոք որ սոսկալի էին և կարեկցաբար գլուխը հակեց ներքև:
— Իսկ հիմա ես քեզ ցույց կտամ Դրախտը,— ասաց Աստված, և նրանք մեկ ուրիշ սենյակ մտան: Սենյակը նախորդի ճիշտ պատճենն էր՝ նույն մեծ, կլոր սեղանը, մսով լի նույն հսկայական կաթսան, չափազանց երկար պոչերով նույն գդալները: Բայց այստեղ ուրախության մթնոլորտ էր տիրում. բոլորը կուշտ էին, կերած և կարմրաթուշ: Ռաբբին տարակուսանքով նայեց Աստծուն:
— Ամեն ինչ շատ հասարակ է,— բացատրեց Աստված.— ընդամենը որոշակի հմտություն է պահանջվում: Բանն այն է, որ այս սենյակի մարդիկ սովորել են կերակրել մեկը մյուսին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...