ՀԱՅԸ

Post image
Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:
Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն: Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն: Ապա՞ տար տունդ ծառա: Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե: Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ: Ազգը տա, ինքը ուտի: Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրու: Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած` հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում: Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ: Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե: Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է: Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից:
Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…
Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում: Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին: “Ապա ճշմարտությո՞ւնը”,– մտահոգվում է նա:
Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող` նրա պես երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր, ր կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական` անմիաբան է, անտանելի, խռովարար:
Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն: Բայց իբրև “ական”` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց:
Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, անչափելի` իր վեհ թռիչքներում:
Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… “Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և իմ վրեժը”: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը:
Այսպե՛ս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր:
Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից:
“Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…”:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
"Հայաստանի անկախություն"
Թիֆլիս 02.08.1920 թվական

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...