Գարեգին Նժդեհը Ավետիս Ահարոնյանի մասին

Post image
Հապա Ահարոնեա՞նը՝ իշխանն ու փառքը մեր նորագոյն գրականութեան, որի սիրտը արեւածաղիկի պէս միշտ էլ արեւը - Արարատեան արեւը փնտռեց:
Հայութեան վշտակիրը, որի հոգեւոր կեանքի հորիզոնը միշտ էլ բռնած է գերագոյն դէմքը մեր ծուատուած Հայրենիքի:
Հայութեան տրիբունը՝ ոսկեբերան, որի հոգին հայոց պատմութենէն ծծեց այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական, եւ դրա համար էլ որքան ուժեղ է իր ցեղասիրութիւնը, այնքան կատաղի է իր բարոյական զայրոյթը, որը սակայն, իր սիրող սրտէն կը բխէ:
Նա խօսքի հոգեւոր կայծակներ ունի, եւ գիտէ շանթել այն ամենը մեր ցեղի կեանքում, որ տկար է ու տգեղ, աննուէր ու անփառ. հակառակայորդոր ու թունաւորիչ. այն ամենին, որ երկրամոլ են, որոնք անէծք ու նուաստութիւն կը շահեն մեր պատմութեան համար:
Հանգոյն բիբլիական մարգարէների՝ նա նզովել գիտէ, բայց իրեն յատուկ մեծ սիրով գիտէ եւ դափնեպսակել:
Նրա վշտալի հանճարը անմահացուց հայ վրիժակը, որը գիտցաւ աներկիւղ շփման գալ մահուան հետ:
Նա երգեց հայորդին, որը դաւանել գիտցաւ ազատութիւնը, նրա համար գիտակցօրէն իր արիւնը թափելու աստիճան:
Օրհնեց ու քաղցրացուց մահը հերոսների:
Մարգարէացաւ գալիքը եւ եռակի զանգահարեց հայութեան վարած վերջին գուպարների մասին:
Հրեղէն խօսքով երկու սերունդների հոգում նա բորբոքեց ինքնազօրութեան ծարաւը, եւ սէ՛ր դէպի տիտանիզմը պայքարի եւ զոհաբերութեան մէջ:
Եւ գիտցաւ ներշնչել, թէ Հայաստան Երկիրը ո՛չ թէ միայն ցանկալի որսավայր է իր գայլ հարեւանների համար, ո՛չ էլ յարմար վայր՝ միայն անփառունակ գերեզմաններ ձորելու, այլ՝ որ դա յարմար է նաեւ Անկախութեան եւ փառքի տաճարներ բարձրացնելու համար:
Այսպէս ապրեց ու ստեղծագործեց հայ պսակաւոր քերթողը, իր ճակատագիրը ներքին հաղորդակցութեամբ կապելով իր ցեղի ճակատագրին:
Ահա՛ թէ ինչո՛ւ ամեն անգամ, երբ հայ մարդը կը թերթէ Ահարոնեանի հայրենաշունչ երկերը՝ կը մղուի մտովին համբուրելու նրա ներցեղային բարոյականով օծուն գրիչը:
Ահա՛ թէ ինչո՛ւ այսօր Միցկեւիչի պէս նա էլ ազատ է ասելու իր մասին. «Ես եւ Հայրենիքս նոյնն ենք»:
«Սիրում եմ արիութիւնը գրչիդ, խօսքիդ ու սուրիդ: Մեր օրերու պատշաճ մարդն էք եւ ի՛նչ մեծ առաւելութեամբ ինձ վրայ»:
Ա. Ահարոնեան, 2 Յունուար 1932 Փարիզ
Խոսքը «Հայրենիք» ակումբի հրատարակած «Ազգային գիտակցություն» գրքից:
Նկարը ՎԱՐԱԳ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «ՆԺԴԵՀ» գրքից:Նոր Հայը
Post image

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...